Ադրբեջանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի օրակարգում հայտնված «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւը ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն այսօր որակեց իբրեւ «ուզուն ախմախի» ծիծաղաշարժ քաղաքականություն:

«Ուզուն ախմախ` իմ գնահատական է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Երբ մարդը բոյով է լինում եւ հորթի համառություն է ցուցաբերում Ադրբեջանում նրան այդպես են ասում: Բա ի՞ նչ է, երբ 160մ բարձրության վրա 40 մետրանոց դրոշ է դնում, որը քամին կես ժամ հետո պատռում է: Երկրորդն է դնում, երկրորդն էլ է պատռում»,-բացատրեց նա «Հայելի» ակումբում:

Պարոն Պետրոսյանը վստահեցրեց, որ նախագիծը ՄԱԿ-ում չի ընդունվի, եւ այն պետք է արհամարել, քանի որ չունի իրավական ուժ:

Նրա ընդդիմախոս «Ժառանգություն» կուսակցության անդամ Լարիսա Ալավերդյանը որպես իշխանության ներկայացուցիչ կոչ արեց պարոն Պետրոսյանին լրջանալ եւ նման լուրջ բանաձեւերին հումորով չվերաբերվել.

«Դե ,եկեք , ծիծաղենք ու առաջ անցնեք: Դա է մեր երկրի իշխող կուսակցության քաղաքականությո՞ւնը: Մեր երկիրը լինելով ՄԱԿ-ի անդամ նման կերպ է վերաբերվո՞ւմ իր դեմ ներկայացված բանաձեւերին: Եթե իշխանությունները «Հ1»-ով ու «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթով ապացուցում է, որ չի տեսնում այսօրվա ԼՂՀ-ն իր սահմաններով, հաստատում է Ադրբեջանի տեսակետը, որ այդ սահմանները օրինական չեն: Ես երեկ էլ եմ տեսել այդ քարտեզները Հ1-ի եթերով»:

«Այսօր մենք չունենք ԱԳՆ, մենք ունենք արտաքին հարաբերություններ կարգավորող գործակալություն: Մեր ԱԳՆ-ն մինչ օրս չունի հայեցակարգ եւ առաջնորդվում է Սերժ Սարգսյանի հաստատած ռազմավարությամբ, որը մեզ չի կարող բավարարել»,-շարունակեց նա:


Տիկին Ալավերդյանը հիշեցրեց, որ 1993թ. ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մի քանի բանաձեւեր է ընդունել «Հայկական զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից հանելու մասին», որոնք պարտադիր կատարման ուժ ունեն. «Այսօր ՄԱԿ-ում մեզ որպես լուրջ գործընկեր չեն ընդունում»:

Ինչ վերաբերում է վերջերս ստորագրված հայ-ռուսական համաձայնագրին, համաձայն որի ՀՀ-ում ռուսական ռազմական զինուժի առկայությունը երկարաձգվում է 49 տարով, Ռաֆիկ Պետրոսյանը որեւէ վտանգավոր բան չի տեսնում:

«Մեր տարածաշրջանում Վրաստանը ռազմական պայմանագիր է կնքում ԱՄՆ-ի հետ, Ադրբեջանը` Թուրքիայի հետ , իսկ մենք` ՌԴ-ի: Շատ նորմալ է»,-ասաց նա:

Իսկ ինչպես ադրբեջանցիները կվերաբերվեի՞ն, եթե Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Թուրքիան զենք վաճառեր Հայաստանին. հարցին` Ռաֆիկ Պետրոսյանը, նկատի ունենալով, որ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառված C-300 զենքի մասին է, ասաց. «Նախ դա հստակ չէ, որ ՌԴ-ն Ադրբեջանին զենք է վաճառել եւ մի բան էլ կա: Եթե Ադրբեջանը ցանկանա կիրառել այդ զենքը ՌԴ-ն կենտրոնից կարող է դա արգելել»:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով ՀՀ-ն իր անկախության ձեռքբերումից հետո հայ-ռուսական հարաբերություններում որեւէ ինքնուրույն նախաձեռնություն չի ցուցաբերել:
«ՌԴ-ն հզոր պետություն է, եւ ամեն ինչ անում է ավելի լրջանալու համար: Այստեղ ՀՀ-ից բան չի կախված»,-ասաց նա: