«Վերջին երկու տարում Հայաստանը ծուղակի մեջ է, որը ստեղծել են ներկայիս իշխանությունները իրենց կողմից կեղծված ընտրություններով».նման կարծիքի է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` ընդգծելով, թե իրենք ռուսամետ կուսակցություն են, սակայն ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգմամբ այնքան էլ ոգեւորված չեն, քանի որ դրանով վտանգված է Հայաստանի անկախությունը: Ըստ նրա` այսօր տեսանելի է, որ Մինսկի խմբի գործառույթը ՌԴ տիրույթում է, եւ Ռուսաստանը հարց լուծող երկիր է:

Ինչ վերաբերվում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Ադրբեջան կատարած այցին, ապա Լյուդմիլա Սարգսյանը վաղ է համարում որեւէ գնահատական տալը` տեղեկատվության բացակայության պատճառով: Ըստ նրա` Ռուսաստանը մեկ նալին է խփում, մեկ մեխին. «Տվյալ դեպքում մենք պետք է կարողանայինք մաքսիմալ օգտվել եւ ոչ թե մաքսիմալ զիջել: Այսօր մեր քայլերը մաքսիմալ զիջումներ են: Հայաստանի դեպքում դա անկախության կորստի կարող է հասցնել ոչ փաստացի, բայց դե ֆակտո, եթե այս իշխանությունները եւս երկու տարի շարունակեն գոյատեւել, մնալ իշխանության ղեկին»:
Այդ իսկ պատճառով ՀՀ անկախությունը պահպանելու համար Լյուդմիլա Սարգսյանը եւ իր կուսակցությունը պահանջելու են արտահերթ ընտրություններ:

Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը նորմալ է գնահատում ՌԴ նախագահի այցը: Ըստ նրա` Ռուսաստանը ոչ մի ձեւով չի կարող գործընթացի վրա ազդել. «Այն, որ Ռուսաստանը Հայաստանի հետ պայմանագիր կնքեց, իր համար կարեւոր է Հայաստանը, մեզ համար կարեւոր է Արցախը: Ուրեմն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Արցախը անլուծելի է, որովհետեւ այն, ինչ հարմար է մեզ, հարմար չէ Ադրբեջանին եւ հակառակը: Փաստորեն պատային վիճակ է եւ պատերազմը անխուսափելի է, կլինի վաղը, թե մեկ տարի, երկու տարի հետո»:

Տիգրան Կարապետյանը կարծում է, որ «Մեդվեդեւը Ադրբեջան է մեկնում, որովհետեւ հրահանգ կա ԱՄՆ կողմից Վրաստանի միջոցով ստեղծել կոնֆեդերացիա` ներքաշելով Ադրբեջանին ՆԱՏՕ-ական վիճակներ»:

«Մեդվեդեւը կփորձի խորացնել համագործակցությունը Բաքվի հետ, որ այնպիսի պայմանագրեր լինեն, որ Բաքվի համար դժվար լինի կորցնելը»,-ասաց նա:

Ինչ վերաբերվում է պատերազմի վերսկսմանը, ապա Տիգրան Կարապետյանը վստահ է, որ Արցախի խնդիրը մեր խնդիրն է, մենք պետք է պատերազմենք եւ կհաղթենք: