Կրեմլի անանուն աղբյուրը նշել է, որ Մեդվեդեւը Բաքվում չի խոսելու Գյումրիի ռազմական բազայի վերաբերյալ հայ-ռուսական պայմանագրի մասին:
Այսօր սկսվում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երկօրյա պաշտոնական այցը Ադրբեջան:
Բաքվում Մեդվեդեւը մտադիր է հիմնականում քննարկել երկկողմ առեւտրա-տնտեսական, ռազմատեխնիկական համագործակցությունը ու փոխգործակցությունը Կասպյան տարածաշրջանում:
Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն: Նա նշել է, որ այցի արդյունքներով ստորագրվելու է պետական սահմանների մասին պայմանագիր եւ միջկառավարական համաձայնագիր սահմանամերձ Սամուր գետի ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման եւ պահպանման մասին: Ի դեպ, Ռուսաստանը առաջին պետությունն է, ում հետ Ադրբեջանը ստորագրելու է պետական սահմանի մասին պայմանագիր:
Այցի առաջին օրը Դմիտրի Մեդվեդեւը այցելելու է Շեհիդների ծառուղի, մասնակցելու իր պատվին Ադրբեջանի նախագահի պաշտոնական ճաշին: Երկու նախագահների բանակցությունները սկսվելու են սեպտեմբերի 3-ին:
Այդ օրն էլ ստորագրվելու են մի շարք պայմանագրեր, որոնցից մեկը Ադրբեջանի պետական նավթային կազմակերպության եւ ռուսական «Գազպրոմի» միջեւ հավելյալ համաձայնագիրն է: Դրանով Ռուսաստանը 2011-2012 թվականների համար մեծացնում է ադրբեջանական գազի գնման ծավալները:
Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման ժամանակ քննարկվող միջազգային հարցերից քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Իրանի խնդիրը:
Ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Կրեմլի անանուն աղբյուր, տեղեկացնում է, որ նախագահները կենտրոնանալու են հատկապես ղարաբաղյան կարգավորման վրա:
Ինչ վերաբերում է Գյումրիում ռուսական ռազմական բազայի գործունեության մասին հայ-ռուսական համաձայնագրին, ապա անանուն աղբյուրը նշել է, որ Մոսկվան չի պատրաստվում քննարկել այդ հարցը:
«Եթե, իհարկե, ադրբեջանական կողմը այս հարցը չբարձրացնի: Այդ պայմանագիրը սահմանների պահպանության եւ ոչ թե ռազմատեխնիկական համագործակցության մասին է: Բազան դա գլխավոր հարցը չէ, գլխավորը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է»,-ասել է նա:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Ադրբեջան այցը կավարտվի սեպտեմբերի 3-ին: