Հայ Ազգային Կոնգրեսը այսօր հրապարակել մի փաստաթուղթ, որը ներառում է կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների ծրագիրը: Ըստ Հայ ազգային կոնգրեսի` ծրագրի նպատակը քաղաքացիների վաստակած արժանապատիվ հանգստի ապահովումն է, օրենսդրությամբ դրա երաշխավորումը։
«1998-2008թթ, չնայած ամենուրեք գովազդվող տնտեսական աճին, սկզբնական եկամուտների բաշխման դինամիկան ունեցել է բացասական միտումներ։ Հատկապես ակնհայտ է երկու փաստ. 1) միջին կենսաթոշակը (2009թ.) կազմել է միջին աշխատավարձի ընդամենը 20 տոկոսը (1996թ. եղել է 33 տոկոս), և 2) տեղի է ունեցել հարստության աննախադեպ կենտրոնացում մի քանի տասնյակ մարդկանց ձեռքում։ Անհրաժեշտ է կենսաթոշակների արագացված բարձրացում միջին աշխատավարձի նկատմամբ, ինչը կենսաթոշակառուներին թույլ կտա հոգալ իրենց նվազագույն կարիքները»,-ասված է ՀԱԿ հաղորդագրության մեջ:

Հայ Ազգային Կոնգրեսի կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների ծրագիրը խարսխված է հետևյալ սկզբունքների զուգակցման վրա.
- քաղաքացու կենսաթոշակային ապահովության պատասխանատվությունը դրվում է պետության, գործատուի և քաղաքացու վրա,
- կայուն, երաշխավորված պետական կենսաթոշակը ձևավորվում է պետական պարտադիր վճարումներից,
- լրացուցիչ կենսաթոշակի աղբյուրը քաղաքացիների կամավոր և գործատուների պարտադիր վճարումներն են,
- «այսօրվա աշխատողը վճարում է այսօրվա չաշխատողի համար» սկզբունքին զուգահեռ պետք է գործի նաեւ «այսօրվա աշխատողը վճարում է իր վաղվա օրվա համար» սկզբունքը։