Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, փախստական Գրիգորի Այվազյանը որոշել է վերադառնալ Ադրբեջան` իր հայրենի բնօրրան: Իսկ վերադարձի եւ այնտեղ իր անվտանգությունը ապահովելու համար դիմել է ՄԱԿ-ի փախստականների գծով Հայաստանյան գրասենյակի ղեկավարին: Առաջիկայում սպասում է ՄԱԿ-ի գործողություններ սկսելու պատասխանին: Այսօր այդ մասին լրագրողներին հայտնեց Գրիգորի Այվազյանը` նախապես չմոռանալով շնորհավորել ԼՂՀ հռչակման կապակցությամբ:
«Ալիեւը վերջին շրջանում հաճախ հայտարարություններ է անում, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների բուն նպատակը տարածքների ու Ադրբեջանի քաղաքացիների վերադարձն է իրենց հարազատ բնակավայրեր: Շտապելով հիասթափեցնել Ալիեւին` ուզում եմ հայտարարել, որ Ադրբեջանի քաղաքացիները անշուշտ կվերադառնան իրենց հարազատ վայրեր, բայց ոչ նրանք, ում սպասում է պարոն Ալիեւը»,- ասաց նա:
Գրիգորի Այվազյանը կոչ է անում մյուս ադրբեջանահայերին նույնպես հետեւել իր քայլին եւ դիմել ՄԱԿ` վերադարձի համար. «Եթե Ադրբեջանը կշտապի կատարել իր միջազգային պարտականությունները, ապա երեւի թե ես կհասցնեմ վերադառնալով Ադրբեջան հայտ ներկայացնել այդ երկրում նախագահական եւ խորհրդարանական առաջիկա ընտրությունների մասնակցության: Եթե Ադրբեջանը հրաժարվի հայ ժողովրդին վերադարձնելու օրինական պահանջը կատարել, ապա լրացուցիչ մեկ անգամ եւս կապացուցի միջազգային հանրությանը, որ ԼՂՀ նկատմամբ որեւէ իրավունք չունի հավակնելու եւ քաղաքակիրթ մարդության շարքերում տեղ չունի»:
Ի դեպ, նույն խնդրով նա դիմել է նաեւ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որ տեղեկանան գործընթացին:
Գրիգորի Այվազյանը նշեց, որ Ադրբեջան վերադառնալ ցանկացողների թիվը այնքան է, որքան Ադրբեջանից հայկական հողեր վերադառնալ ցանկացողների թիվը: