ՀՅԴ-ն արդեն ավանդույթ է դարձրել ամեն տարի սեպտեմբերի 2-ին`Արցախի անկախության օրը կազմակերպել տոնական հանրահավաք:

«Արցախի ինքնորոշմանը միջազգային ճանաչում » կարգախոսով միջոցառումը այսօր եւս Երեւանի «Դինամո» մարզահամալիր էր բերել ոչ միայն ՀՅԴ համակիրներին մայրաքաղաքից ու մարզերից: Ներկա էին նաեւ Իրանից, Լիբանանից ու այլ երկրներից Հայաստան ժամանած մեր հայրենակիցներից շատերը:

«Շատ հաճելի է մասնակցել այսօր այստեղ կազմակերպվող տոնակատարությանը, մանավանդ, որ առիթը Ղարաբաղն է: Հեռուստատեսությամբ եմ լսել այս միջոցառման մասին ու շատ հետաքրքրված եմ: Թեեւ բազմիցս եմ եղել Ղարաբաղում, բայց ցանկանում եմ լսել խնդրի շուրջ տեսակետները»,-«Ա1+»-ին ասաց Իրանից ժամանած ազգությամբ հայ Անուշ Մկրտչյանը:

«Շատ հպարտ եմ, իսկապես հպարտ եմ, որ մեր ազգը ամեն տեղ ամեն առիթով նման հայրենասիրական միջոցառումներ է կազմակերպում: Աշխարհի չափ հպարտ եմ, որ այս փոքրիկ Հայաստանն ունենք»,-ավելացրեց մեկ այլ իրանահայ Պայծառ Մկրտչյանը:

Ամեն տարի տոնական հանրահավաք կազմակերպելով` ՀՅԴ-ն նպատակ ունի կրկին հնչեցնել արդիական կարեւոր հարցեր, հայտնել մտահոգությունները հատկապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ վերջին զարգացումների առիթով:

«Մենք կազմակերպում ենք ոչ թե հանրահավաք, այլեւ ժողովրդական հանդիպում տոնախմբություն, որովհետեւ, վերջիվերջո, ինքչան էլ, որ մտահոգություններից խոսենք, այսօր ուրախանալու առիթ է, քանի որ Արցախի անկախություն օրն է»,-«Ա1+»-ին ասաց ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանը: :

«Արցախի հարցը շարունակում է մնալ հայ ժողովրդի գերխնդիրը, ինչն էլ կրկնակի իմաստավորում է այս տոնախմբությունը,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացունիչ Հրանտ Մարգարյանը եւ հավելեց, -Կուզեի, այս միջոցառումը իսկապես համահայաստանյան լիներ, նշվեր պետական մակարդակով, որ մասնակցեին բոլոր քաղաքական կուսակցություններն ու ուժերը»:

Ըստ Հրանտ Մարգարյանի` Ղարաբաղն այսօր համահայկական զորակցության կարիք ունի ու Հայաստանը պարտավոր է այնպես անել, որ միջազգային հանրությանը ճիշտ ուղղորդի այդ հարցում:

Իսկ Արմեն Ռուստամյանը նկատեց. «Հայաստանում չի եղել մի իշխանություն, որն առաջնորդվեր «Զարգանանք, որ չզիջենք» կարգախոսով։ Եթե մենք ժամանակին զարգանայինք, ընդդիմության մեջ չէին լինի այնպիսի ուժեր, որոնք կհայտարարեին, որ զարգանալու համար պետք է զիջել։ ՀՅԴ-ն պետք է զարգացնի իշխանափոխության գաղափարը։ Պետք է իշխանության գա այն ուժը, որը կարող է իրականացնել «Զարգանանք, որ չզիջենք» կարգախոսը»:

Արցախի անկախությանը նվիրված միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով: