Կրթական համակարգի ներկայացուցիչներն ավելորդ են համարում անգլերենի օտարերկրացի անփորձ մասնագետներին այս նպատակով Վրաստան հրավիրելը:

Նինո Չանտուրիա, Կովկաս

Վրաստանի իշխանությունները ծրագրում են բոլոր երեխաներին սովորեցնել անգլերեն խոսել եւ արդեն 1000 օտարերկրացի են հրավիրել`«կրթական հեղափոխությունը» ղեկավարելու համար:
Կրթական ծրագիրը, որը նախատեսում է բարելավել ուսուցման չափանիշները, ինչպես նաեւ Վրաստանի եւ Արեւմուտքի միջեւ կապերը, միանշանակ չընդունվեց, քանի որ փորձագետներից շատերն այն կարծիքին են, որ օտարերկրացի մասնագետները չեն համապատասխանում այդ աշխատանքին:

20-ամյա ամերիկուհի Դանիելլա Սմիթը մինչ այժմ Վրաստան ժամանած մոտավորապես հարյուր ուսուցիչներից մեկն է:

Վրաստանի կրթության նախարարության կազմակերպած մի շարք շրջագայություններին մասնակցելուց հետո, նա ասաց. «Ես Վրաստանի մասին շատ բան չգիտեի... Բայց այն, ինչ տեսա, գերազանցեց իմ սպասելիքները: Ես երեխաներին անգլերեն դասավանդելու մեծ փորձ չունեմ, այստեղ կմասնակցեմ դասընթացների եւ ուրախությամբ կաշխատեմ վրացի երեխաների հետ»:

500 լարի աշխատավարձից բացի, օտար լեզվի ուսուցիչները բժշկական ապահովագրություն կունենան, նրանց կտեղավորեն տեղացիների ընտանիքներում, կկազմակերպեն նրանց աշխատանքային ուղեւորությունները, կապահովեն տոնակատարությունների մասնակցության տոմսերը:

«Շրջաններում օտար լեզվի ուսուցիչների մակարդակն այնքան էլ բարձր չէ: Հետեւաբար, դուք ոչ միայն երեխաներին անգլերեն կսովորեցնեք, այլեւ կօգնենք ուսուցիչներին բարելավել իրենց հմտությունները: Դուք ոչ միայն կրթական գործընթացին կմասնակցեք, այլ նաեւ կխոսեք տեղական համայնքի ներկայացուցիչների հետ, կարծիքներ կփոխանակեք նրանց հետ, գիտելիքներ ձեռք կբերեք վրացական մշակույթի մասին եւ կներկայացնեք նրանց արեւմտյան ժողովրդավարական արժեքները», - հայտարարել էր կրթության նախարար Դմիտրի Շաշկինը նոր ժամանած ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Օտարերկրացի մասնագետների գործառույթը լինելու է տեղացի հիմնական ուսուցիչներին աջակցելը եւ ոչ դաս վարելը:
Կրթական համակարգի որոշ փորձագետներ կտրականապես դեմ են այս ծրագրին: Առնոլդ Չիկոբավայի անվան լեզվաբանության ինստիտուտի պրոֆեսոր Լեւան Գվինջիլիան կարծում է, որ լեզվի անփորձ մասնագետներին դասարանում ազատություն տալը ոչ միայն «սխալ է, այլ` հանցագործություն»:

«Ինքներդ եք տեսնում, որ մինչ այժմ այդ ծրագրով այստեղ ժամանածները հիմնականում 18-20 տարեկան են: Ի՞նչ փորձ կամ գիտելիքներ եք նրանցից ակնկալում», - զարմանում է Գվինջիլիան:
Նրա խոսքերով`լեզվի մասնագետների համար նախատեսված երկու շաբաթվա դասընթացները բավարար չեն:

«Լավ չէ, որ ոչ ոք չի մտածում դպրոցում արդեն աշխատող ուսուցիչների կամ երեխաների համար դասընթացներ կազմակերպելու մասին», - հավելում է նա:

Վրացի ուսուցիչներին կարծես դեռեւս այնքան էլ հասկանալի չէ ծրագրի իրականացման մեխանիզմը: Մարինա Չեյշվիլին ավելի քան 15 տարի անգլերեն է դասավանդում դպրոցում եւ պատրաստվում է դիմել օտարերկրացի մասնագետի օգնությանը:

«Խոսակցական անգլերեն ամենից լավ սովորեցնում են նրանք, ում համար այն մայրենի լեզու է, սակայն դրա համար ծրագիր է անհրաժեշտ: Դասաժամերի քանակը չի ավելացել, եւ կարծում եմ, որ մեր օտարերկրացի հյուրի հետ խոսակցությունները երկար ժամանակ կպահանջեն: Ամեն դեպքում, ես այնքան էլ հստակ պատկերացում չունեմ այն մասին, թե ինչպես ենք միասին լեզու դասավանդելու», - ասում է ուսուցչուհին:

Ընդդիմության ներկայացուցիչները նույնպես մտահոգված են ծրագրի կապակցությամբ: «Հանրապետական» կուսակցության առաջնորդներից մեկը` Դավիթ Զուրաբիշվիլին, խիստ քննադատության է ենթարկել կառավարությանը, որը կարծում է, թե օտարերկրացիները վրացի մասնագետներից ավելի լավ անգլերեն կսովորեցնեն:

«Վրաստանի իշխանություններին դուր չի գալիս մեր ուսուցիչների առոգանությու՞նը: Սա, ճիշտն ասած, փոքր-ինչ վիրավորական է... Ոչ մի իրեն հարգող երկրի նախագահ 10 հազար մարդ չէր հրավիրի Ամերիկայից, որպեսզի երեխաները Նյու Ջերսիին հատուկ առոգանությամբ խոսեն»:

«Սովորեցրեք եւ սովորեք Վրաստանի հետ» ծրագրի համակարգող Մայա Սիպրաշվիլին այն կարծիքին է, որ ԱՄՆ-ից ժամանած մասնագետներն ունեն իրենց աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր հմտությունները:
«Վրաստանում գործող Խաղաղության կորպուսի ծրագրով արդեն իսկ 400 կամավորներ անգլերեն են դասավանդում, եւ այն շրջաններում, որտեղ նրանք են աշխատում, ակնհայտ առաջընթաց է գրանցվել: Մեր կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այնպիսի երկներում, ինչպիսիք են Ճապոնիան եւ Հարավային Կորեան, որտեղ նման ծրագրեր արդեն իրականացվում են, օտարերկրացի կամավորների մասնակցությունը դրական ազդեցություն է ունեցել անգլերենի լեզվական չափանիշների վրա», - նշում է նա:

Դատելով վրացական կայքերում տեղադրվող աշխատանքի հայտարարություններից` անգլերենի իմացությունը բարձր է գնահատվում գործատուների կողմից:

Պրոֆեսոր Գվինջիլիային սա եւս դուր չի գալիս. նա կարծում է, որ այս ամենի արդյունքում վրացերենն է տուժում:

«Ազգային լեզվի իմացության պահանջարկն աստիճանաբար նվազում է, արդյունքում` նվազում է լավ վրացերեն իմացողների քանակը, հատկապես ազգային փոքրամասնությունների բնակության վայրերում: Լավ կլիներ, եթե կառավարությունը նախ մտածեր մայրենի լեզվի իմացության չափանիշների բարելավման մասին», - ասում է նա:
Դանիելլա Սմիթն արդեն գիտի, թե ինչպես վրացերեն ասել «շնորհակալություն», «զիլ է», «ես քեզ սիրում եմ» եւ պատրաստվում է սովորել ավելին:

Ծրագրի քննադատները, սակայն, այն կարծիքին են, որ ԱՄՆ-ից հրավիրված լեզվի մասնագետներն ավելի շատ կշահեն այս ծրագրից, քան իրենք`դպրոցականները: Նրանք գտնում են, որ կառավարությունը պետք է բացահայտի ծրագրի արժեքը, որը մասամբ ֆինանսավորվում է կրթության նախարարության կողմից, մասամբ` արտերկրյա դոնորների:
«Նույնիսկ եթե ծրագիրը չի ֆինանսավորվել պետական բյուջեից, այն պետք է թափանցիկ լինի», - նշում է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Թամար Քորձայան:

Սիպրաշվիլին, սակայն, վճռականորեն է տրամադրված եւ նշում է, որ ծրագիրը երկարաժամկետ է լինելու:

«Մենք հաջորդ տարվա համար կամավորներ ենք ընդունում: Մենք ցանկանում ենք, որ բոլոր վրացական դպրոցները ներառվեն այս ծրագրի մեջ, որպեսզի, ինչպես նախագահն է ասել, անգլախոս սերունդ մեծանա», - նշում է նա:

Նինո Չանտուրիան Վրաստանի շրջանային հեռարձակողների ասոցիացիայի աշխատակից է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)