«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ընկերակցությունը /EuFoA/ Եվրամիությունը նամակով կոչ է արել աջակցել ԵԱՀԿ Մինսկի Խմբի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելությանը, չնայած այն բանի, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողով է ներկայացրել «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի նախագիծը:

Այն քննարկվելու է սեպտեմբերի 9-ին: Քվեարկությանը մասնակցելու են նաեւ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները: Սակայն, EuFoA-ի աղբյուրները հայտնել են, որ Եվրամիության անդամ շատ երկրների դիրքորոշումը հարցի վերաբերյալ հստակ եւ պարզ չէ:

«ԵԱՀԿ ՄԽ-ն է այն միակ կառույցը, որը գործունեություն է իրականացնում միջազգային միջնորդական առաքելության մանդատով եւ երկար ճանապարհ է հարթել ղարաբաղյան հարցում: Այս գործընթացը ունի շատ նրբություններ ու ես հույս ունեմ, որ Եվրամիության երկրները համընդհանուր դիրքորոշմամբ հանդես կգան քվեարկության ժամանակ: Հուսով եմ, որ այդ երկրների ներկայացուցիչները եւ ԵՄ գլխավոր քարտուղար Աշթոնը կհամաձայնեցնեն իրենց դիրքորոշումը եւ թույլ չեն տա վտանգել ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը»,-ասված է EuFoA-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքի նամակում:

Ըստ նրա, թեեւ այս բանաձեւը առաջին հայացքից անվնաս է, բայց նախաձեռնությունը արդեն իսկ հղի է լուրջ վտանգներով: Դրանցից նա առանձնացրել է այն, որ Ադրբեջանը հարցը այլ հարթակ տեղափոխելով ոչ միայն ստիպում է ամեն ինչ սկսել նորից, այլեւ աջակցություն է ակնկալում իսլամական երկրներից, որոնք ներկայացուցիչներ ունեն այլ կառույցներում:

Վտանգներից մեկն էլ EuFoA-ն համարում է այն, որ կխորտակվի ԵԱՀԿ ՄԽ միջնորդական գործընթացը, որը հասնում է հանգուցալուծման: Երրորդ վտանգն այն է, որ ադրբեջանական բանաձեւի տեքստը ադրբեջանական լույսի ներքո է գրված, հատկապես, տարածքային ամբողջականության առումով: