«Ադրբեջանի նախաձեռնությունը` բանաձեւի ներկայացումը Գլխավոր ասամբլեայում ապակառուցողական քայլ է, որը կարող է լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին»,-այսօր ԵՊՀ-ում հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ըստ նրա` ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծամասնությունը գտնում է, որ այս կարգի հարցերը չպետք է տեղափոխել Գլխավոր ասամբելա, պետք է քննարկել հաստատված բանակցային ձեւաչափերի շրջանակներում. « Հենց դա էր պատճառը, որ 2008 թ.. Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւը աջակցություն ստացավ 192 երկրից միայն 39-ի կողմից, այն էլ մեծամասնությունը Իսլամական կոնֆերանս կազմակերպությունից: Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից եւ ոչ մեկը կողմ չքվեարկեց, իսկ եռանախագահող երկրները դեմ քվեարկեցին: Ադրբեջանը օգտագործում է Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը` չարաշահելով իսլամական համերաշխության գործոնը: Շատ վտանգավոր են փորձերը կրոնական բնույթ հաղորդել այս կարգի հիմնախնդիրներին»:
«Ի՞նչ ենք մենք նախատեսում, կամ ի՞նչ ենք անում այս բանաձեւի կապակցությամբ: Անցյալ մեր հանդիպման ժամանակ ես ասել էի, որ դիվանագիտությունը նման է սառցալեռան, այն մասը, որ երեւում է դա շատ փոքր մասն է, մեծ մասը անտեսանելի է, դա հենց այն աշխատանքն է, որի մասին ընդունված չէ մանրամասն հայտարարել: Հակառակ դեպքում ակնկալվող արդյունքները կարող են նվազ լինել»,-ասել է նա` ավելացնելով, թե մենք նախաձեռնում ենք անհրաժեշտ քայլեր:
«Կարիք չկա հրապարակել դիվանագիտական խոհանոցի բոլոր մանրամասները: Վստահ եղեք, որ հնարավոր քայլերն արվում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը բանակցությունների միջոցով կարգավորվի, խաղաղ լուծում ստանա` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա: Գլխավոր սկզբունքներից մեկը հենց ինքնորոշման իրավունքն է, որի միջոցով պետք լուծվի հիմնախնդրի ամենակարեւոր հարցը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը»,- վստահեցրել է նա:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցին` Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Տարբեր ասեկոսեներ կան թուրքական կողմից, թե իբր «լուռ դիվանագիտություն է» վարվում: Հանդիպումների ժամանակ ինձ էլ են հարցնում. այդ ինչ «լուռ դիվանագիտության» մասին է խոսքը: Երեւի թուրքերը իրենք իրենց հետ ինչ որ լուռ զրույցներ են վարում: Կարող եմ ասել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 10-ից թուրքական կողմից որեւիցե կառուցողական քայլ չի արվել այս ուղղությամբ: Տեսնենք, թե երբ թուրքերը պատրաստ կլինեն եւ արդյո՞ք պատրաստ կլինեն: Ի տարբերություն թուրքական կողմի մեր խոսքը եւ գործը չեն տարբերվում իրարից»: