Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին, ինչպես նաեւ ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանին հաղորդագրություն է ներկայացրել հանցագործության մասին:
Երեկ`օգոստոսի 26-ին ժամը 10:20-ի սահմաններում նա փորձել է մտնել Կենտրոնի դատարան ունկնդրելու Դ. Քիրամիջյանի եւ Ս. Գեւորգյանի դատը, սակայն դատական կարգադրիչները արգելել են մտնել Կենտրոնի դատարանի շենք ` պատճառաբանելով, որ մինչ ընդմիջում չի թույլատրվում մտնել դատարան:
« Ես կարգադրիչներին խնդրեցի ինձ ցույց տալ այն կանոնակարգը կամ որոշումը, որը պահանջում է դա: Նրանք ասացին` դա գոյություն չունի, եւ պարզապես դա դատավորի բանավոր ցուցում է: Իսկ քանիոր որեւէ օրենքով, այդ թվում եւ քրեադատավարական օրենքներով սահմանված չէ դատավորի իրավասությունը դատարանի շենք մուտք գործելու- չգործելու կապակցությամբ, ուստի ես համարելով կարգադրիչների պահանջը անօրինական մուտք գործեցի դատարանի շենք: Այդ ընթացքում դատական կարգադրիչները փորձեցին բռնել-պահել իմ ձեռքը եւ արգելակել ինձ, ինչը ես թույլ չտվեցի գոչելով , որ դրա իրավունքը իրենք չունեն: Քիչ հետո կարգադրիչների ղեկավարը / կարծում եմ ոմն Փիլոսյան/ դատարանի աստիճանների վրա ինձ քաշեց, հրեց , վայր գցեց եւ մյուս կարգադրիչների հետ միասին քարշ տալով հանեց դատարանի շենքից դուրս»,-գրել է Վարդգես Գասպարին:
Նա պահանջում է հարուցել քրեական գործ եւ դրա շրջանակներում պարզել.
«ա - ինչ իրավական հիմքով են Կենտրոնի դատարանի կարգադրիչները ինձ արգելել մուտք գործել դատարանի շենք:
բ - Պատասխանատվության ենթարկել իմ նկատմամբ ուժ գործադրած , ինձ հրող, աստիճանների վրա վայր գցող, եւ ապօրինաբար դատարանի շենքից ինձ բռնի հեռացնող անձանց նկատմամբ»:
Վարդգես Գասպարին տեղեկացնում է, որ աստիճանների վրա դատական կարգադրիչների միջոցով հրելու վայր գցելու արդյունքում ստացել է մարմնական վնասվածքներ ձախ թեւի, թիկունքի եւ հատկապես գլխի մասում եւ խնդրում է տրամադրել ուղեգիր դատաբժշկական փորձաքննություն կատարելու համար:
Լուսանկարը` Անի Գեւորգյանի