Իր պատիժն ամբողջությամբ կրելուց հետո, այսօր «Արթիկ» ՔԿՀ-ից ազատ արձակվեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, ազատամարտիկ Ժորա Սափեյանը: Իրեն դիմավորող ՀԱԿ-ի անդամներին, մարտական ընկերներին եւ հարազատներին Սափեյանը դիմավորեց բարձր տրամադրությամբ` վստահեցնելով. «Անկախ նրանից, թե որտեղ եմ, ազատության մեջ, կալանավայրում, հանրապետությունում թե հանրապետությունից դուրս, ամեն ինչ անելու եմ յուրաքանչյուր քաղաքացու ազատ ապրելու համար»:

Ժորա Սաֆեյանը ցավում է բոլոր քաղբանտարկյալների համար, ովքեր այսօր անազատության մեջ են, հատկապես իր մարտական ընկերոջ Սասուն Միքայելյանի համար. «Սասուն Միքայելյանը ծանր հիվանդ է: Ինքը կամքից շատ ուժեղ մարդ է ու ցույց չի տալիս, որ հիվանդ է:

Եթե իշխանությունները թեկուզ մի քիչ մարդկություն ու բանականություն ունենան, ապա պետք է նրան քաղաքային հիվանդանոց ուղարկեն»: Այսօր ազատ արձակվելուց անմիջապես հետո Ժորա Սաֆեյանը շտապեց հայրական տուն` ծեր ծնողներին տեսնելու, որից հետո նա պատրաստվում է այցելել Սարյանի արձանի հարակից տարածք, իսկ այնուհետեւ Մյասնիկյանի արձանի մոտ`ծաղիկներ դնելու մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ իշխանությունները ազատազրկման էին դատապարտել ոչ միայն Ժորա Սափեյանին, այլեւ նրա եղբորը` Մկրտիչ Սափեյանի եւ մյուս ազգականներին` 2008թ. ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքում` Թալինում տեղի ունեցած միջադեպից հետո:
Սափեյաններին մեղադրանք էր առաջադրվել Քր.օրի 258 հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանության համար: Տեղի ունեցածը Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը որակել էր սադրանք:

 Լուսանկարները` Գագիկ Շամշյանի