Կոսովոյի անկախության հռչակման վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը լարվածություն է առաջացրել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ: Սա «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի կարծիքն է:

Ըստ նրա` ղարաբաղցիները ակնկալում էին, որ Հայաստանը կդիմի Հաագա` Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար. «Պարզ է, որ Հայաստանը այդ քայլին չի գնա»:

Սոցիոլոգի պնդմամբ` լարվածությունը գալիս է նրանից, որ Ղարաբաղի միակ երաշխավորը, հույսը Հայաստանն է. «Ինչպես մի ղարաբաղցի պաշտոնյա ինձ ասաց, ոչ թորքից ենք վախենում, ոչ էլ ՆԱՏՕ-ից, մենք ձեզանից ենք վախենում, որ ինչ -որ շարժառիթների պատճառով չլքեք, չթողնեք Ադրբեջանի կազմում»:

Ահարոն Ադիբեկյանի կարծիքով` բոլոր փորձագետները հասկանում են, որ Ադրբեջանը երբեք Ղարաբաղը ուժով հետ չի բերի, իսկ ղարաբաղցիներին ոչ մի ուժ չի կարող ստիպել մնալ Ադրբեջանի կազմում, ինչի մասին գիտեն նաեւ ադրբեջանցիները. «Նրանց հույսը այն է, որ գերտերությունները կստիպեն Հայաստանին, Հայաստանը կստիպի Ղարաբաղին, եւ Ղարաբաղը կընդառաջի այն լուծումներին, որը ձեռք է տալու Ադրբեջանին»:

Ի դեպ, Ահարոն Ադիբեկյանը ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունների ժամանակ արված հարցումների արդյունքում պարզել է, որ ղարաբաղցիների 85 տոկոսը իրեն անկախ է տեսնում: Սակայն անկախացման հասնելու միակ տարբերակը սոցիոլոգը տեսնում է` Հայաստանի բանակցային գործընթացից դուրս գալու ճանապարհով, ինչի հետ համաձայն է ղարաբաղցիների 90 տոկոսը:

«Մենք դուրս ենք գալիս գործընթացից, մենք ընդունում ենք Ադրբեջանի ամբողջականությունը, դե յուրե մեր տեսակետից Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, այս մասը թող գնա մեծ մասի հետ բանակցի, ադրբեջանական համայնքի հետ լեզու գտնեն, եթե լեզու գտնեն, Հայաստանը կողմ կլինի, եթե չէ, կլինի բարեկիրթ ապահարզան»,- իր տեսակետը բարձրաձայնեց սոցիոլոգը: