«Լեւոն Տեր-Պետրոսյանը վաղուց է գնացել թոշակի, բայց ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի կարծիք հայտնելու»,-գտնում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Թոշակառու Ռոբերտ Քոչարյանի մասին սակայն նա այլ կարծիքի է. «Նա արարող նախագահ է եղել, եւ չի հրաժարվել իր պոստից, մինչեւ վերջ մնացել է եւ իր առջեւ դրված խնդիրները լուծել է»:
Գալուստ Սահակյանը վստահ է, որ չկա Տեր-Պետրոսյան-Սարգսյան հաշտեցման գործընթաց, որովհետեւ այդպիսի բաները գաղտնի չեն արվում: Բացի այդ Տեր-Պետրոսյանի հետ այսօրվա իշխանությունը որեւէ ընդհանրություն չի տեսնում, հատկապես ՀՀՇ 16-րդ համագումարից հետո:
«Մենք ասում ենք, բացառվում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, իսկ այդ համագումարում ասում են. դե լավ ոչինչ, թող լինի, մի քիչ լավ ձեւով, որպեսզի Հայաստանի զարգացումը ապահովվի: Այսինքն, գաղափարապես, հասարակության առջեւ երկու գաղափարները իրար հակառակ գնացին միանգամից»,-ասաց Գալուստ Սահակյանը:
Խորհրդարանական մեծամասնության ղեկավարը Հայաստանի քաղաքական դաշտում ընդդիմություն չի տեսնում եւ եթե նախկինում վստահ էր, որ ՀՀՇ -ն առանձին ընտրություններին մասնակցելու դեպքում կհաղթեր, իսկ ՀԱԿ-ը` ոչ, ապա այսօր փոխել է կարծիքը. «ՀՀՇ-ն հիմա կամ չկա, կամ փոխվում է, իսկ դրա համար ժամանակ է պետք, այսօր ոչ ՀՀՇ-ն կանցնի, ոչ ՀԱԿ-ը»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վստահ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում խորհրդարան կմտնեն այն ուժերը, որոնք խորհրդարանում են, բացառություն կարող է կազմել «Ժառանգությունը»:
ՀՀԿ փոխնախագահը գոհ է գործող կառավարությունից, որը կարողացավ ճգնաժամ հաղթահարել, բայց նրա համար անգերազանցելի է Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարած կառավարությունը. «Նրանք այնպիսի պետական չինովնիկների կերպար կերտեցին, որ դա հաղթահարել ոչ մեկին չի հաջողվի»:
Ի դեպ, Գալուստ Սահակյանը այնքան էլ լուրջ չի վերաբերում Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանում դատի տալու փաստին. «Հաագայի դատարանը որոշեց, որ Կոսովոն անկախ է, բայց չորոշեց, որ Ղարաբաղը անկախ է, էնպես որ, Հաագա խոսքը ժողովրդի մեջ կարող է առաջացնել տպավորություն, որ երկրից դուրս դատարան կա, մահակ կա, որ բոլորին դուր կգա: Դա ծիծաղելի դրսեւորումներ են, եւ չեմ կարծում, որ քաղաքական գործիչները պետք է լուրջ արձագանքեն դրան»: