Հայ ազգային կոնգրեսում կարծում են, որ իշխանությունների կողմից սադրանքները շարունակվում են:
Այս ենթատեքստում են տեսնում նաեւ հուլիսի 21-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում հարուցված քրեական գործը, որով անցնող թե տուժողը` նախկին քաղբանտարկյալ Քրիստափոր էլազյանը եւ թե մեղադրյալները`ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանն ու Առաքել Սեմիրջյանը ՀԱԿ-ի անդամներ են:
Էլազյանը հայտարարել է, թե հուլիսի 19-ին Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում Հովհաննես Հարությունյանն ու Առաքել Սեմիրջյանն իրեն ծեծի են ենթարկել: Մամուլում հրապարակված լուրերի համաձայն` Էլազյանը ֆինանսական խնդիրներ է ունեցել եւ պարբերաբար գումար է պահանջել Կոնգրեսից:
«Քանի որ մենք պարբերաբար գործում ենք իշխանությունների կողմից մշտական սադրանքների մթնոլորտում, ՀԱԿ-ն ունի իր մարտավարությունը` նման դեպքերում մենք բոլոր հարցերի պատասխանները տալիս ենք դռնբաց դատական նիստի ընթացքում»,-«Ա1+»-ին ասաց ՀԱԿ-ի Քաղբանտարկյալների իրավական աջակցության կենտրոնի անդամ Արմեն Խաչատրյանը:
Նա նաեւ հայտնեց, որ Առաքել Սեմիրջյանն առանց ծանուցագիր ներկայացել է Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչություն եւ մասնակցել քննչական գործողությունների` նախաքննության մարմնին աջակցելու համար: