Թուրքիան Հայաստանի հետ երբեք չի հաստատի դիվանագիտական հարաբերություններ, քանի դեռ «իրենց տեսակետից չեն բավարարվել հայտնի նախապայմանները»։ «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ այս կարծիքն հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ըստ նրա, այդ նախապայմաններն են՝ «պատմությունը քննարկող ենթահանձնաժողովի առկայությունը, դե ֆակտո առկա սահմանի ճանաչումը և դե յուրե վերահաստատումը, ինչպես նաև՝ ԼՂ հարցի կարգավորումը թուրքական տարբերակով»։

Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները մտածելով, թե դիվանագիտական աննախադեպ հարթություն են ապահովել Հայաստանի համար, իրականում ուղղակիորեն հարվածել են Հայաստանի պետական շահին, մեր ազգային անվտանգությանը, իրավունքներին։
«Այստեղ ոչ ռոմանտիկա է, ոչ անցյալի խնդիր։ Թուրք իշխանական շրջանակները դրել են ու դնում են նախապայմաններ, իրենք երբևէ չեն բացի սահմանները, չեն վերացնի այն շրջափակումը, որ իրենք միակողմանիորեն կիրառել են 1993թ.-ից»,- ընդգծեց նա։

Գնահատելով ՀՀ իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությունը՝ «Ժառանգության» առաջնորդը նշեց, որ այսօր այն գտնվում է խղճալի վիճակում. «Դա ինձ չի ուրախացնում։ Հիմա պետք է թե իշխանական ճամբարում, թե ընդդիմության մեջ, և ամենակարևորը հայ հասարակության մեջ հասկանան, որ մեր զոհասեղանի վրա, Հայաստան նժարի վրա դրված է մեր պետականության որակի ապագան»։
Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ՝ «հայոց իշխանությունը բովանդակային հրաժարականի մեջ է»:

«Նա հրաժարվել է թե մեր, թե մեր հայրենիքի իրավունքներից, դրանց պաշտպանությունից, Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ սահմանադրական իր պարտականությունից»,-ասաց պարոն Հովհաննիսյանը:
Նրա ասելով՝ ինքը ՀՀ բոլոր նախագահների օրոք եղել է ընդդիմություն, սակայն. «Մինչև հիմա ոչ մեկը այս մակարդակի չի հարվածել մեր շահին։ Ժամանակն է, որ հայելու մեջ նայեն, և հասկանան, որ ժամանակակից աշխարհում մեր ներքին վարքը ուղղակիորեն կապված է արտաքին հարաբերությունների, խնդիրների իրացման, մեր ներուժի հետ և հակառակը»։