«Այն հայերին, ովքեր այս կամ այն տնտեսական պատճառներով հայտնվել են Թուրքիայում, խորհուրդ եմ տալիս անհապաղ լքել այդ երկիրը, որովհետեւ պարզ է, թե ում հետ գործ ունենք եւ պարզ է, թե նման բարձր ատյանից հնչած սպառնալիքը որոշ տարրերի կողմից կարող է ընկալվել որպես ազդակ հակահայկական գործողություններ սկսելու համար»,-հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ:

Նա նկատեց, որ թեեւ Թուրքիան աշխարհում համարվում է ավելի ժողովրդավարական երկիր, քան ՀՀ-ը, իսկ դրանում մեղավոր ենք հենց մենք` մեր այլանդակ ընտրություններով, կաշառակերությամբ, դատական համակարգով, բայց վերջին հայտարարություններով «Էրդողանն ուղղակի պահի տակ դիմակը կորցրեց եւ աշխարհը տեսավ, թե ինչ երկրի հետ գործ ունի»,-ասաց Վահան Հովհաննիսյանը:

Թուրքիայում գտնվող մեր հայրենակիցներին ուղղված Վահան Հովհաննիսյանի կոչը չկիսեցին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Վերջինիս քարտուղար Արամ Սաֆարյանը հայտարարեց. «ՀՀ այն քաղաքացիները, որոնք կարող են լինել, երկու, երեք, կամ չորս տասնյակ հազար, հստակ չեմ կարող ասել, Թուրքիան են գնացել ոչ ՀՀ քաղաքական ուժերի կոչով, ոչ էլ Հայաստան պետության հարկադրանքով, եւ նրանց այնտեղից հանել, շարժելը, տեղափոխելը մարդու իրավունքների համաշխարհային ընդունված սկզբունքների հետ այնքան էլ չի համապատասխանում»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ նկատեց, թե «հայերի ներս գալու, դուրս գնալու խնդիր չկա, եւ պետք չէ վախի սինդրոմ սերմանել, այնպես չէ, որ թուրքերն ուզում են արյան հետ խաղացող միջավայր ստեղծեն»:

Իսկ Էրդողանի հայտարարությունների կապակցությամբ էլ ընդգծեց, թե Թուրքիան փոխանակ գոհ լինի, որ ՀՀ-ն իրեն օգնում է արյան բծերից մաքրվելու, դեռ նման հայտարարություններ է անում, որին ինքը լուրջ չի վերաբերում, ապա ավելացրեց, թե ՀՀ-ն հաստատում է Թուրքիայի հետ ոչ թե բարեկամական կամ եղբայրական հարաբերություններ, այլ դիվանագիտական:

ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը ցավ հայտնեց, որ Էրդողանը խոսում է ոչ թե ժամանակակից լեզվով, այլ Օսմանյան կայսրության: Բայց Էրդողանի հայտարարությունների մեջ նա վտանգ չի տեսնում այն առումով, որ դեռ 2001-2002 թվականներին, երբ համանման վիճակ էր եւ Ֆրանսիան էր ճանաչում Հայերի ցեղասպանությունը, նույն բովանդակությամբ հայտարարություն արեց այն ժամանակվա վարչապետ Թանսու Չիլլերը: «Էրդողանն արեց ամենահեշտ բանը, որ կարող էր աներ այս իրավիճակում, վերցրեց Չիլլերի հայտարարությունն ու կրկնեց»: