ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը չի կիսում ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի այն տեսակետը, թե ԼՂ հարցում մենք հայտնվել ենք 1998թ եւ իրավիճակը հնարավոր է շտկել իշխանափոխության միջոցով:
«Ես միշտ զարմանում եմ այդ մարդու վրա: Եթե նա այսօր ԱԳ նախարար չի, ուրեմն կարո՞ղ է քննադատել: Նա 10 տարի մեր թիմակիցն է եղել: Եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Օսկանյանը, եւ մյուսները մեր թիմակիցն են եղել: Մենք շարունակում ենք Ռոբերտ Քոչարյան, Օսկանյան, ինչու չէ նաեւ Սերժ Սարգսյան թիմի քաղաքականությունը, սակայն մեզ քննադատում են, որովհետեւ իշխանության չեն: Ինչո՞ւ հրաժարական տանք, որ այսօր մեր երկիրը աշխարհում դարձրել ենք գործո՞ն »,- այսօր «Ա1+»-ին ասաց պարոն Զոհրաբյանը:
Նրան զարմացնում է, այն որ, իշխանափոխության մասին այսօր ավելի կտրուկ խոսում է Օսկանյանը, քան ընդդիմությունը. «Չեմ հասկանում, երբ իշխանափոխության մասին ընդդիմության ռաբիս երգը մեր թիմակիցն է երգում: Ի՞նչը չի բավարարում պարոն Օսկանյանին»:
Պարոն Օսկանյանը «Ա1+»-ի երեկ հայտնեց, որ իրեն չի բավարարում երկրի տնտեսական, ներքաղաքական վիճակը, ԼՂ հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը եւ ընդհանրապես ՀՀ քաղաքացու կարգավիճակը:
«Ես իշխանափոխության որեւէ հիմք չեմ տեսնում: Ես, որ կողքից նայում եմ մեր պետությանը որեւէ ճգնաժամ չեմ տեսնում, մանավանդ քաղաքական ճգնաժամ: Օսկանյանն ասում է, որ հիմա-հիմա կլինի իշխանափոխություն: Փառք Աստծո մարտի 1-ի այդ փոքր ընդհարումներից էլ անցավ 2 տարի» ,- ասաց Զոհրաբյանը: Ընդհարումը փո՞քր էր. մեր հարցին` Զոհրաբյանը պատասխանեց. «Այո զոհեր եղան, անիմաստ զոհեր էին եւ մինչ օրս մենք այդպես էլ չգիտենք, թե ովքեր ում վրա կրակեցին: Միջազգային պրակտիկայում եղել են դեպքեր, երբ մասսաների ընդհարումների ժամանակ եղել են խմբեր, որոնք սպանություններ են կատարել եւ այդպես էլ իշխանություններն ու ընդդիմությունը չեն կարողացել հասկանալ, թե ինչ է կատարվել: Հնարավոր է նաեւ այդպես եղած լինի»:
Վերադառնալով ԼՂ հարցում Օսկանյանի մտահոգություններին` պարոն Զոհրաբյանը հիշեցրեց, որ Մադրիդյան սկզբունքների կնքահայրը ՀՀԿ-ն չէ. «Մենք Մադրիդյան սկզբունքները ստացել ենք Օսկանյանից, Ռոբերտ Քոչարյանից: Այն ժամանակ իրենք չէին խոսում Ղարաբաղին բանակցությունների մասնակից դարձնելու մասին, իսկ արդեն 2 տարի է Սերժ Սարգսյանը խոսում է այդ մասին: ԼՂ-ն պետք է բանակցի իր խնդրի շուրջ»:
Երբ պարոն Զոհրաբյանին հիշեցրեցինք, որ ԼՂ հարցում միջնորդները եւ միջազգային կառույցների տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար ընգծում են, որ ԼՂ-ն բանակցություններից դուրս է մղվել հայկական կողմի` Ռոբերտ Քոչարյանի մեղքով, Ռազմիկ Զոհրաբյանն ասաց. «Այո, կա սխալ, բայց մենք աշխատում ենք շտկել այդ սխալ: Եթե մեկը մեկ անգամ սխալվել է, այլեւս չպե՞տք է շտկել»: