Մինչեւ կեսգիշեր հայտնի չէր` ինչպես է զգում իրեն ԵԽ Կոնգրեսի Տեղական իշխանությունների պալատի նախագահ Իան Միկալեֆը:
Նրա ինքնագացողությունը վատացել էր Ադրբեջանում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ քննարկումից անմիջապես հետո եւ նրան տեղափոխել էին հիվանդանոց:
Հիշեցնենք, որ այդ քննարկումը բավականին բուռն անցավ ոչ միայն նրա համար, որ կոշտ գնահատականներ էին տրվել ադրբեջանական ընտրություններին:
Ադրբեջանցի պատվիրակ Աբուլֆազ Բաբաեւն առաջարկում էր զեկույցի նախագծում ընդգրկել մի կետ, որում մասնավորապես ասվում էր, թե Հայաստանը «օկուպացրել է ԼՂ-ն ու հարակից տարածքները, եւ Ադրբեջանի մեծ մասն այսօր օկուպացված է»:
Այս փոփոխությունը չընդունվեց հայկական պատվիրակության աշխատանքի շնորհիվ` չորս անգամ քվեարկության դրվելուց հետո:
Հայաստանցի պատվիրակները նկատել էին, որ նույն կոնգրեսականը մի քանի անգամ է քվեարկում: Չորրորդ անգամ կոնգրեսականները քվեարկեցին արդեն կանգնած, եւ ձայների հաշվարկից հետո պարզ դարձավ, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող մեղադրանքը եվրոպական փաստաթղթում տեղ չի գտնի:
Հայաստանը ստորագրեց
Մարտի 18-ի րեկոյան Հայաստանը` ի դեմս ԵԽ ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանի, ստորագրեց երկու արձանագրություն: Երկուսն էլ վերաբերում են տեղական ինքնակառավարմանը եւ միտված են օժանդակելու համայնքների զարգացմանը եւ համագործակցությանը:
Դեսպանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բուռ Բուքիքիոյի ներկայությամբ ստորագրել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի «Տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ» լրացուցիչ արձանագրությունը և «Տարածքային համայնքների կամ իշխանությունների միջև անդրսահմանային համագործակցության մասին» եվրոպական շրջանակային կոնվենցիայի «Եվրատարածաշրջանային համագործակցության խմբավորումների վերաբերյալ» երրորդ արձանագրությունը:
Արձանագրությունները բացվել էին ստորագրման համար 2009թ. նոյեմբերի 16-ին Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում՝ Տեղական և տարածքային կառավարման համար պատասխանատու նախարարների ԵԽ համաժողովի 16-րդ նստաշրջանի ընթացքում:
Կարինե Ասատրյան
Ստրասբուրգ