Դիվանագետ, արեւելագետ Արա Պապյանը վստահեցնում է, որ Թուրքիայում բնակվող 100 հազար ապօրինի հայաստանցիների մասին Թուրքիայի վարչապետ Էրդողանի պնդումներն անհիմն են: Էրդողանի տվյալներով այսօր Թուրքիայում ապրում է 170 հազար հայ, որոնցից անօրինական ապրող 100 հազարին նա սպառնացել է վտարել իր երկրից:
«Այսօր առավելագույնը կարելի է խոսել Թուրքիայում բնակվող 12-14 հազար հայաստանցիների մասին, որոնցից մի զգալի մասն օրինական է այդ երկրում: Խոսքը նրանց մասին չէ, այլ նրանց նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի և, հատկապես, աշխարհի արձագանքի: Էրդողանի խոսքերից միջնադարի ու հաշվեհարդարի հոտ է գալ »,- «Ա1+»-ին ասաց Արա Պապյանը:
Նրա կարծիքով, աշխարհը պետք է անպատասխան չթողնի Թուրքիայի գործադիր իշխանության ղեկավարի հայտարարությունը հայերի դեմ:
Պապյանը հիշեցնում է, որ ԵՄ անդամ երկրներում, ուր այդքան ջանասիրաբար ձգտում է Թուրքիան, անօրինական ներգաղթյալների թիվը 8-10 միլիոն է. «Նրանց մեջ կան մի քանի հարյուր հազար գաղթական Թուրքիայից: Սրանց մի մասը, ի տարբերություն Թուրքիայում բնակվող հայաստանցիների, ապրում է տեղացի հարկատուների հաշվին:
Զանազան տվյալներով այսօր ԱՄՆ-ում ապրում է 1.5-3 միլիոն արաբ` ծագումով կամ քաղաքացիությամբ: Երբ 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ն ռազմական հարձակման ենթարկվեցին արաբների կողմից, ամերիկյան որևէ պաշտոնյա չխոսեց ԱՄՆ-ում անօրինական բնակվող արաբներին արտաքսելու մասին»:
Էրդողանի սպառնալիքի անհեթեթությունը ընդգծելու համար` Պապյանն ասաց. «Հայաստանը չի հարձակվել Թուրքիայի վրա: Հայերը օդանավ չեն քշել Կապույտ մզկիթի կամ Աթաթուրքի դամբարանի վրա: Հայերը երեքուկես հազար թուրք չեն սպանել Ստամբուլի կենտրոնում, ինչպես ոմանք Նյու-Յորքի կենտրոնում: Պարզապես ԱՄՆ-ի և Շվեդիայի մի խումբ քաղաքացիներ, որոնց մեծ մասը տվյալ դեպքում ծագումով հայ է, օրինական և քաղաքակիրթ ճանապարհով հասել է նրան, որ ԱՄՆ և Շվեդիայի խորհրդարանները տարբեր մակարդակներով բանաձևեր են ընդունել:
Եթե թուրքերը վերոհիշյալ բանաձևերից նեղված են, թեև անմտություն է նեղվել ճշմարտության վերահաստատումից, թող Թուրքիայից արտաքսեն ամերիկացիներին և շվեդներին: Թուրքիան չի փոխվել»: