Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը այսօր խստորեն քննադատեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Թուրքիայում ապրող ապօրինի հայ միգրանտներին արտաքսելու վերաբերյալ:

«Նման հայտարարություններով են սկսվել Հայոց ցեղասպանության հետ կապված 1915 թվականի իրադարձությունները: Ցավոք, հայերի արտաքսման մասին խոսում էին նաեւ մեկ այլ երկրում. մենք չենք կարող մոռացել, որ նմանատիպ հայտարարություններ արվել են նաեւ Ադրբեջանում՝ Սումգաիթում, Բաքվում եւ այլ բնակավայրերում ջարդերից առաջ», - Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչեկի հետ հանդիպման ավարտին հրավիրված ասուլիսում հայտարարեց արտգործնախարարը՝ հավելելով. - «Սա անընդունելի է եւ, անկասկած, հարվածում է հայ-թուրքական կարգավորման գործընթացին: Նման հայտարարությունները վկայում են, որ Թուրքիան այնքան էլ պատրաստ չէ առաջ շարժվել»:

Հայաստանը, արտգործնախարարի խոսքով, հուսով է, որ «Թուրքիայում կգերիշխի իրատեսական մոտեցումը», եւ «նրանք կանսան համաշխարհային հանրության հորդորներին, որ հարկավոր է առաջ շարժվել՝ առանց նախապայմանների, սպառնալիքների, շանտաժի եւ սադրանքների»:

Հարցին, թե արդյոք ասվածը նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի է մտել, նախարարը արձագանքեց, թե գործընթացի նախաձեռնողը Հայաստանն է, եւ «չնայած Թուրքիայի կողմից ստեղծվող բազմաթիվ դժվարություններին ու խոչընդոտներին, հաջողվել է առաջ շարժվել է եւ հասնել արձանագրությունների ստորագրմանը»:

«Մենք պատրաստ ենք շարունակել գործընթացը եւ առաջ շարժվել: Բայց դա կախված է նաեւ թուրքական կողմից: Թե որքանով են նրանք պատրաստ՝ ժամանակաը ցույց կտա», - ասաց Էդուարդ Նալբանդյանը:

Ասուլիսին նախարարը անդրադարձավ նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ Փարիզում կայացած իր հանդիպմանը: Նալբանդյանը անորոշ պատասխան տվեց հարցին, թե արդյոք Հայաստանի համար ընդունելի են նորացված Մադրիդյան սկզբունքները:

«Բանակցությունների սեղանին շարունակում են մնալ Մադրիդյան առաջարկները, եւ մենք շարունակում ենք դրանց վրա հիմնված բանակցությունները: Համանախագահները այս ողջ ընթացքում ներկայացնում են աշխատանքային առաջարկներ: Դրանք բոլորն էլ քննարկվում են», - ասաց Նալբանդյանը:

Ուշագրավ է, որ Հայաստանի արտգործնախարարը ամբողջ ասուլիսի ընթացքում չօգտագործեք «նորացված Մադրիդյան սկզբունքներ» բառակապակցությունը:

Ըստ Ազատություն ռ/կ-ի