Սումգայիթցի հայ փախստականն էլ չի կարողանում մասնակցել Ադրբեջանի ՏԻՄ ընտրություններին,- այսպես արձագանքեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ԵԽ Կոնգրեսի թուրք պատվիրակի այն ակնարկին, թե ադրբեջանցի փախստականները չեն կարողանում ԼՂ-ում ընտրություններին մասնակցել:

Հարավկովկասյան մայրաքաղաքների կարգավիճակի մասին ելույթից հետո Գագիկ Բեգլարյանին շատ հարցեր այսօր չտրվեցին: Ընդ որում` դրան նախորդած Ադրբեջանում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ բուռն քննարկումից հետո շատերը լքեցին դահլիճը: Ի դեպ, ադրբեջանական քննարկումն այնքան երկարեց, որ Գագիկ Բեգլարյանը ժամանելուց հետո մոտ 20 րոպե ակամա մասնակից դարձավ այդ քննարկմանը:(Փաստաթղթում շնորհիվ հայ պատվիրակների տեղ չգտավ "գրավյալ տարածքներ" արտահայտությունը-խմբ)

Շվեյցարացի մի պատվիրակ Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեց` արդյոք հնարավոր է համագործակցություն Բաքվի հետ: Երեւանի քաղաքապետը, հիշեցնելով, որ Երեւանը շուրջ 30-ից ավելի քույր քաղաք ունի, ասաց. «Համագործակցության համար բաց ենք բոլոր քաղաքների համար»: Կոնգրեսի պատվիրակներից մեկն էլ հետաքրքրվեց` արդյոք Բեգլարյանը ունի բավականաչափ լիազորություններ: Վերջինս դրական պատասխանեց:
Գագիկ Բեգլարյանը  իր ելույթում վստահեցրեց, թե 2009 թ մայիսի 31-ին Երեւանի քաղաքում ընտրությունները եւ այսօրվա իր այցը Կոնգրես խորհրդանշում են « Երեւանի միանալը Եվրոպայի համայնքների մեծ ընտանիքին»:

« Իմ համար մեծ պատիվ է ընտրված քաղաքապետի կարգավիճակով ԵԽ Կոնգրեսում ներկայացնել 2791-ամյա Երեւանը »,- հայտարարեց Գագիկ Բեգլարյանը: Նա տեղեկացրեց, թե Երեւանում աշնանը կազմակերպվելու է «Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական առաջին համաժողովը» ու Կոնգրեսի պաշտոնական պատվիրակությանը հրավիրեց մասնակցելու այդ միջոցառմանը: Բեգլարյանը հիշեց, որ նախկինում արդյունավետ չէր աշխատանքը, քանի որ Երեւանը մասնատված էր 12 համայնքների:

Ապա հայտարարեց, թե ինքը պատիվ է ունեցել երեք անգամ անընդմեջ ուղղակի ընտրություններով ընտրվել Երեւանի Կենտրոնի համայնքապետ:
«Բնակչության մոտ ձեւավորված վստահությունն էր, որ ինձ հնարավորություն տվեց 2009թ մայիսի 31-ի Երեւանու ավագանու ընտրություններում գլխավորել ՀՀԿ նախընտրական ցուցակը եւ ընտրվել Երեւանի քաղաքապետ»,-ասաց Բեգլարյանը:

Կոնկրետ խնդիրների մասին նա չխոսեց, սակայն նշեց, որ ճանապարհ ունենք անցնելու արդյունավետ եւ քաղաքացիների մասնակցության վրա հիմնված տեղական ինքնակառավարում իրականացնելու համար: Կան ենթակառուցվածքները նորացնելու եւ ծառայությունների որակը բարձրացնելու խնդիրներ:
Պարոն Բեգլարյանն այսօր մի առաջարկ էլ արեց`  Երեւանում 2012թ կազմակերպել ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների գագաթաժողով: Բեգլարյանը նաեւ նշեց, թե Երեւանի օրինակով ինքը ներկայացրեց հարցերի մի խումբ, որոնք բնորոշ են Հարավային Կովկասի բոլոր մայրաքաղաքներին:

Պաշտոնական ճաշից հետո Գագիկ Բեգլարյանը մի շարք հանդիպումներ է ունենալու ԵԽ պաշտոնյաների հետ: Ի դեպ, նրա ժամանումը հետաքրքիր արձագանք էր առաջացրել: Նրան մոտեցավ մի քուրդ պատվիրակ, ով ասաց, թե իր կինը երեւանցի է եղել:
Օդեսայի քաղաքապետ Էդուարդ Գուրվիցը առաջին հարկում հատուկ արարողություն էր կազմակերպել քույր քաղաք Երեւանի քաղաքապետի հետ նվերներ փոխանակելու համար:

 Երեւանը կունենա օմբուդսմե՞ն

 Մինչ Գագիկ Բեգլարյանը կպատասխաներ իրեն ուղղված հարցերին, ելույթի իրավունքից օգտվելով` մի քանի պարզաբանում արեց հայաստանյան պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը: Մասնավորապես անդրադարձավ այն հարցին, թե երեւանցիները որքան են զգում, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնն այլեւս ընտրովի է: Այդ հարցն ուղղվել էր Բեգլարյանին: Պարոն Երիցյանը հայտնեց, թե առաջիկայում քաղաքացիները հետ կապն ամրապնդելու համար Երեւանում ստեղծվելու են  խորհուրդներ, ու բացի այդ հնարավոր է Երեւանն ունենա օմբուդսմեն:

 

 Կարինե Ասատրյան

Ստրասբուրգ