Երեւանի Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունը` ընդդեմ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի: Զարուհի Փոստանջյանը վիճարկում էր Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործությունը:

Հիշեցնենք, որ 2009 թ. հոկտեմբեր-նոյեմբերին «Ժառանգության» ԱԺ պատգամավորները, երիտասարդ ակտիվիստները եւ տասնյակ ՀԿ-ների ներկայացուցիչներ նախաձեռնել էին բողոքի մի շարք գործողություններ` «Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, մադրիդյան սկզբունքների եւ ՀՀ-ում տիրող բռնապետական ռեժիմի»: Ոստիկանները մի քանի անգամ խոչընդոտել էին բողոքի այս ակցիաները, որոնց վերաբերյալ պատգամավորը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, սակայն ապարդյուն:

Զարուհի Փոստանջյանի պաշտպան Վահե Գրիգորյանն այսօր միջնորդություն ներկայացրեց դատարանին` նշելով, որ ԱԺ պատգամավորը ժամանակին պահանջել էր քրեական գործ հարուցել, սակայն առ այսօր այն չի հարուցվել եւ խախտվել են դրա ժամկետները: Ներսես Նազարյանի ներկայացուցիչն էլ դատարանից ժամանակ խնդրեց` պատճառաբանելով, որ պետք է ծանոթանա այդ միջնորդությանը:

Դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարեց նրա միջնորդությունը, եւ դատական նիստն անժամկետ հետաձգվեց:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավորի պաշտպան Վահե Գրիգորյանը, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետը Փոստանջանի` դատարան դիմելուց հետո է որոշել հանցագործության մասին հաղորդումը ուղարկել ՀՔԾ, որպեսզի դատարանը մերժի Զարուհի Փոստանջյանի բողոքը: Նաեւ հավելեց.

«Եթե դատարանի կողմից մերժվի մեր բողոքը այն հիմքով, թե Ներսես Նազարյանն արդեն դրա վերաբերյալ կայացրել է որոշում, ակնհայտ է դառնալու, որ դատարանը համագործակցելով նրա հետ, ամեն ինչ ձեռնարկում է տիկին Փոստանջյանի դատական պաշտպանության հնարավորությունը սահմանափակելու համար»: