«Թուրքական իշխանությունն այսօր խոսում է ոչ միայն նախապայմանների, այլեւ սպառնալիքների լեզվով»,-այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հիշեցրեց ՀՅԴ պատգամավոր Հրայր Կարապետյանը եւ ցանկություն հայտնեց, որ վարչապետը պատասխանի իր թուրք գործընկերոջը:

Հիշեցնենք, որ Էրդողանն հայտարարել էր, որ Թուրքիայում այսօր բնակվում է մոտ 170 հազար հայ, որոնցից մոտ 100 հազարը` ապօրինի. «Մենք այսօր անտեսում ենք այդ փաստը, բայց եթե անհրաժեշտ լինի` մենք նրանց կասենք` վերադարձեք ձեր երկիր: Նրանք մեր երկրի քաղաքացիները չեն եւ ես պարտավոր չեմ նրանց պահել իմ երկրում»,-ասել է Էրդողանը:

«Այս հայտարարությունն ուղիղ կապ ունի նախորդ դարում կատարված ոճիրի հետ»,-ասաց Հրայր Կարապետյանը:

«Նման քաղաքական հայտարարությունները չեն նպաստում երկու պետությունների միջեւ հարաբերությունների բարելավմանը եւ համաձայն եմ այն գնահատականի հետ, որ մեր հիշողության մեջ միանգամից արթնանում են 1915 թվականի դեպքերը, երբ Թուրքիայի վարչապետն իրեն նորից թույլ է տալիս նման արտահայտություններ»,-ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա գտնում է, որ հենց այս ենթատեքստում շատ արդիական է ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող քաղաքականությունը եւ «խնդրի արմատական լուծումը լինելու է այն դեպքում, երբ Թուրքիան ինքը ճանաչի ցեղասպանությունը»: Իսկ Թուրքիայում ապրող 100 հազարավոր հայերի խնդրի լուծման լավագույն ձեւն, ըստ Տիգրան Սարգսյանի, դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է երկու երկրների միջեւ` առանց նախապայմանների:

100 հազար անօրինական միգրանտ ունենալու փաստն արդյո՞ք համապատասխանում է իրականությանը,-հարցրեց Ստեփան Սաֆարյանը:

«Մեր ունեցած տեղեկատվության համաձայն, Էրդողանի հնչեցրած թիվը մի քանի անգամ գերազանցում է այն թվին, որ մենք ունենք»,-ասաց վարչապետը, բայց հավելեց, որ հստակ տեղեկատվության չեն տիրապետում, քանի որ չեն աշխատում դիվանագիտական խողովակներով, իսկ Թուրքիայում կարող էին հայեր հայտնվել երրորդ երկրներից:

Ստեփան Սաֆարյանն էլ հիշեցրեց, որ ՀՀ ընդդիմությունը շարունակում է պահանջել ետ կանչել արձանագրությունները, այն էլ այսօրվա Էրդողանի հայտարարություններից հետո, ինչին վարչապետը պատասխանեց.

«Ես կարծում եմ ճիշտ չէ ցանկացած հայտարարություն անհապաղ կապել արձանագրությունների հետ, մեր դիրքորոշումը հստակ է, մեր գնահատականները ուժի մեջ են, Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարությունները չենք ուզում կապել հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի եւ մեր որդեգրած քաղաքականության հետ»: