«Այս նախագիծը իշխանությունների համար կարող է մահակ դառնալ անցանկալի լրատվամիջոցների դեմ պայքարի հարցում»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Խոսքը կոալիցիայի հեղինակած օրինագծի մասին է, որը Եվրախորհրդի պահանջով ապաքրեականացնում է զրպարտության եւ վիրավորանքի հոդվածները: Փոխարենը բավականին մեծ չափերի հասնող տուգանքներ պետք է վճարի այն մարդը, կամ լրատվամիջոցը, որը զրպարտում կամ վիրավորում է մյուսի արժանապատվությունն ու բարի համբավը:
Ի դեպ, ըստ նախագծի, վիրավորանք կարող է դիտվել նաեւ հրապարակային արտահայտությունը, գնահատող դատողությունը եւ կարծիքը, ինչը շատ տարածական հասկացություններ են (արդյոք բակում նստած ծերունիների զրույցը կարելի է դիտարկել որպես հրապարակային հայտարարություն):
Այս փաստը «Ժառանգության» ղեկավար Ստեփան Սաֆարյանին մտահոգում է. «Ստացվում է, որ մարդկանց զրկում են կարծիք ունենալու եւ այս կամ այն պաշտոնյային գնահատելու իրավունքից»:
Ժառանգությունից Արմեն Մարտիրոսյանն էլ դժգոհեց ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր մամուլից, եւ նկատեց, որ մամուլն այդքան հայհոյախոս է, որովհետեւ չկա ազատ, անկախ հեռուստաընկերություն. «Եթե բացվեն «Ա1+»-ն ու «Նոյան տապանը», հեռուստատեսային դաշտում կստեղծվի բնական մրցակցություն, ինչի արդյունքում կբարձրանա հեռուստատեսության որակը եւ մարդիկ այլեւս չեն ձգտի էժանագին սենսացիաների հետեւից ընկած` դեղին թերթեր գնել»,-ասաց Մարտիրոսյանը եւ հավելեց` գլխացավն անցկացնելու փոխարեն ուզում եք գլուխը կտրել»:
Բայց անգամ այսօրվա հայհոյախառն մամուլի գոյությունը զսպաշապիկի դեր է խաղում շատ չինովնիկների համար, ըստ Դալլաքյանի. «Հայհոյանքի ավելցուկը թերեւս գերադասելի է խոսքի ազատության պակասից»:
Նա մամուլի դերը ընդգծելով հիշեցրեց ժամանակին Թոմաս Ջեֆերսոնին տրված հարցը` դուք կգերադասեք կառավարություն առանց մամուլի, թե մամուլ առանց կառավարության, եւ ԱՄՆ նախագահը պատասխանել է` մամուլ առանց կառավարության:
Դալլաքյանը տեղեկացրեց, որ դեմ է քվեարկելու օրինագծին:
Բոլոր ելույթ ունեցողները` եւ կոալիցիայի ներկայացուցիչները, եւ ընդդիմադիր պատգամավորները, դժգոհում էին մամուլից, ինչն արձանագրեց նաեւ նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանն ու փաստեց, որ ոլորտն ունի կանոնակարգման խնդիր. «մեզ պետք է պրոֆեսիոնալ մամուլ»,-ասաց Զոհրաբյանն ու հիշեցրեց, որ եվրոպական որոշ երկրներում զրպարտության համար մինչեւ 7 տարի ազատազրկում են: Իսկ այս օրինագիծը կարող է շատ լավ ազդեցություն ունենալ, եթե որոշ հստակություններ մտցվեն:
ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը նկատելով, որ մինչ օրս որեւէ լրագրող պատասխանատվության չի ենթարկվել Քր. Օրի 135,136 հոդվածներով, ասաց. «Եթե չի գործել այդ օրենքը, ինչու ենք փոխում»:
«Շատ լավ է, որ չի գործել այդ օրենքը,-ասաց ՀՀԿ ղեկավար Գալուստ Սահակյանը,-որովհետեւ մեր մենթալիտետով հենց այնպես մեկը մյուսի դեմ հայց ներկայացնող չենք: Բացի այդ, տրադիցիաներն ավելի մեծ ուժ ունեն, քան օրենքները»:
Իսկ օրինագծի հեղինակ Հովհաննես Մարգարյանը քննարկման ավարտին նկատեց. «Այնքան փոփոխություններ են արվել օրինագծի վրա, որ ինձ Ինդոնեզիայի քարտեզը հիշեցրեց»:
Օրինագիծն առաջին ընթերցմամբ կդրվի քվեարկության պատշաճ պահի: