ՀՀ իշխանությունները պարտավորվում են մինչեւ տարեվերջ բարեփոխել ընտրական համակարգը եւ համապատասխան օրենսդրական փոփոխություններ ընդունել, որպեսզի հնարավորություն ստեղծվի 2011 թվականից արդեն նախապատրաստվել հաջորդ ընտրություններին:
Այդ մասին նշված է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովին այսօր ներկայացված ժամանացույցում: Ինչ վերաբերվում է մյուս բարեփոխումներին, ապա.
«Ոստիկանության եւ ընդհանրապես իրավապահ մարմինների գործողությունների բողոքարկման հետ կապված հայեցակարգը ներկայացված է արդեն Եվրոպայի խորհրդին՝ քննարկման համար, եւ մենք ակնկալում ենք շատ շուտով՝ մեկամսյա ժամկետում, փորձագիտական եզրակացությունը հայեցակարգի հետ կապված, որից հետո կսկսվի արդեն՝ բուն օրենսդրական աշխատանքը: Նոր օրենքի մասին է խոսքը՝ հավաքների ազատության վերաբերյալ, սակայն դրա ժամանակացույցը մենք կներկայացնենք մինչեւ ապրիլյան նստաշրջան: Մամուլի ազատության վերաբերյալ միակ հարցադրումը, որ մենք ներկայացրել ենք այստեղ, դա այն է, որ, ինչպեսեւ նախատեսված էր, հուլիս ամսին անցկացվելու է մրցույթը»,- «Ազատություն» ռադիոկայանին մանրամասնել է Դավիթ Հարությունյանը:
Ըստ նրա` Հայաստանի հարցով համազեկուցող Ժորժ Կոլումբիեն Հայաստանի իշխանություններից ժամանակացույց է պահանջել նաեւ դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ:
Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից առաջ Եվրախորհրդին բարեփոխումների կատարման շուրջ իրենց առաջարկներին էին ներկայացրել նաեւ Հայ ազգային կոնգրեսն ու ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը։
Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ դրանք այսօր առանձին չեն քննարկվել, սակայն «հետագայում դիտարկվելու են ներկայացված առաջարկությունների համատեքստում»։