«Ներսես Երիցյանը շա~տ երկար ճանապարհ ունի անցնելու Գագիկ Ծառուկյանին խորհուրդներ տալու իրավունքը վաստակելու համար»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարի գործունեության գնահատականին, ապա, ըստ Նաիրա Զոհրաբյանի, հանրությունը շատ լավ տվել է Երիցյանի գնահատականը, «այն հանրությունը, որը իր մաշկի վրա է զգում պարոն Երիցյանի վարած տնտեսական քաղաքականության արդյունքները: Ուստի երկար-բարակ խորհուրդներ տալու փոխարեն, ինչը Երիցյանի սիրած ոճն է, Երիցյանին խորհուրդ կտայի անել շատ կարճ մի գործողություն` վերցնել թուղթ ու գրիչ եւ հրաժարականի դիմում գրել, այն դեպքում, երբ երկրում արձանագրվում է տարվա կտրվածքով 14 տոկոս տնտեսական անկում»,-նկատեց տիկին Զոհրաբյանը:
Նա չի կարծում, որ Ծառուկյան-Երիցյան հեռակա բանավեճը կվերաճի ԲՀԿ-ՀՀԿ հակասության, բայց նկատեց. «Ես կուզենայի լսել հանրապետության վարչապետի գնահատականը Երիցյանի գործունեության ՕԳԳ-ի մասին, եւ ընդհանրապես ինչքանով է ընդունելի նման տիպի գործչի ներկայությունը կառավարությունում, որը բացի խոհափիլիսոփայական ելույթներից եւ դաստիարակչական բնույթի ճամարտակություններից, ավելի օգտակար գործով չի զբաղվում»:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ Ներսես Երիցյանին հիշեցրեց, որ ցանկացած մարդ իրավունք ունի կարծիք հայտնելու, եւ ոչ ոք իրավունք չունի սահմանափակել մարդու` կառավարության անդամին գնահատական տալու իրավունքը. «ինքը դեռեւս ՀՀ Սահմանադրությունը չէ»:
«Ա1+»-ի հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը գոհ է իր կուսակցության նախարարներից, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Այն պահին, երբ մենք գոհ չենք լինում մեր նախարարների աշխատանքից, մենք փոխում ենք նախարարներին, ինչի ականատեսը եղավ հանրությունը երկու անգամ»: