ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի տնօրեն Սերգեյ Կապինոսն այսօր հերքեց
ԼՂ հակամարտության հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի այն հայտարարությունը, թե բանակցային գործընթացում պետք չէ ավելացնել կոնֆլիկտի կողմերը, այսինքն` Ղարաբաղը:

Կապինոսը նախ նշեց, թե չի կարծում, որ Լենմարկերը նման հայտարարություն արած լինի, ապա «Ա1+»-ի` Լենմարկերի հայտարարության հիշեցումից հետո, ասաց. «ԽՎ-ն ԵԱՀԿ-ի այն մարմինը չէ, որը զբաղվում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ: Այն, ինչ վերաբերում է ԼՂ-ին, դրանով զբաղվում է Մինսկի խումբը եւ հատուկ ներկայացուցիչ Կասպրշիկը, միայն նրանք կարող են պատասխանել այդ հարցերին»:

ԼՂ բանակցային գործընթացին Սերգեյ Կապինոսը անդրադարձավ որպես «կողմնակի փորձագետ». «Խնդրի կարգավորման սկզբնական շրջանում ԼՂ-ն, իսկապես եղել է բանակցությունների մասնակից եւ 1994թ. զինադադարի կնքման պայմանագրում իր ստորագրությունն է դրել նաեւ ԼՂ-ի ներկայացուցիչը»: Նա ենթադրեց, որ Լենմարկերը նկատի է ունեցել այն, որ ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետագայում նպատակահարմար է գտել միաժամանակ ներկայացնել եւ ՀՀ-ի, եւ ԼՂ-ի շահերը:

«Ես գտնում եմ, որ վերջնական արդյունքների հասնելու դեպքում գործընթացին պետք է մասնակից լինի նաեւ ԼՂ-ն: Ինչպե՞ս կարելի է ԼՂ հիմնախնդիրը կարգավորել առանց Ղարաբաղի: Ինչ-որ պահից ԼՂ-ն անպայման կմիանա գործընթացին»,- ասաց Կապինոսը: Նա չի կարծում, որ բացի ԼՂ-ից` բանակցային գործընթացում կընդգրկվեն այլ կողմեր. «Մինսկի խումբն իրեն չի սպառել: Անցյալ տարի շատերին էր թվում, որ խնդրի կարգավորումը շատ մոտ է»:

Այսօր հայ լրագրողների հետ Սերգեյ Կապինոսի հանդիպման թեման Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի 10-ամյա գործունեության ներկայացումն էր: Նրա կարծիքով, ՀՀ-ում ամենախոցելին դատական համակարգն է. «Ոչ թե օրենքները բավարար չեն, այլ դրանց կիրառումը»:

Կապինոսն այսօր ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց, թե իր վերադասներից նկատողությունն է ստացել ՀՀ-ում տիրող իրավիճակն ինչպես հարկն է չներկայացնելու համար: Նա խուսափեց օգտագործել «քաղբանտարկյալ» բառը` նշելով, որ եվրոպական օրենսդրության մեջ այդ բառի իրավական ձեւակերպումը չկա:

2008թ. մարտ 1-ի դեպքերով դատապարտված ընդդիմության ներկայացուցիչներին Կապինոսն իր զեկույցում ներկայացրել է քրեական գործերով դատապարտվածներ. «Եթե այդ գործերով դժգոհներ կան, ապա կարող են բողոքարկել մինչեւ Եվրոպական դատարան»:

Ինչպե՞ս եք գնահատում մինչ օրս 2008թ. մարտի 1-ի 10 սպանությունների չբացահայտման փաստը. Ձեր կարծիքով ՀՀ իշխանությունները այդ սպանությունները բացահայտելու ցանկություն ունե՞ն «Ա1+»-ի հարցին` Կապինոսը պատասխանեց. «Այդ հարցերը այստեղ` Երեւանում բարձրացրել են ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչները: Այդ հարցերը վերաբերում են իրավական մարմիններին, նրանք պետք է պատասխանեն»: