«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդը որոշում է կայացրել փոխել ՀՀ Տրանսպորտի եւ կապի, ինչպես նաեւ` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարներին:
Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց ՕԵԿ-ի մամուլի պատասխանատու Սուսաննա Աբրահամյանը: Նա նաեւ նշեց, որ մարտի 13-ին կայացած ՕԵԿ քաղխորհուրդի որոշմամբ` Գուրգեն Սարգսյանն ու Մհեր Շահգելդյանը ետ են կանչվել: Նրանց փոխարեն Սերժ Սարգսյանին են ներկայացվել նոր նախարարների անուններ::
ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնում ՕԵԿ-ն առաջադրել է ՀՀ նախագահի խորհրդական, նախկինում` ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Մանուկ Վարդանյանի թեկնածությունը, իսկ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում` ՀՀ Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արմեն Երիցյանին:
Ինչ վերաբերում է Մհեր Շահգելդյանին ու Գուրգեն Սարգսյանին, ապա նրանք, ինչպես նշեց ՕԵԿ մամուլի պատասխանատուն, կշարունակեն մնալ ՕԵԿ ղեկավար կազմում եւ կստանձնեն այլ պարտականություններ:
«Ա1+»-ի այն հարցին, թե ինչո՞ւ են նրանք ազատվել իրենց զբաղեցրած պաշտոններից, Սուսաննա Աբրահամյանն ասաց. «Նրանք ազատվել են կուսակցությունում մշտապես տեղի ունեցող բարեփոխումների շնորհիվ, որի արդյունքում նոր նախարարներ են նշանակվել ավելի փորձառուները»:
Իսկ թե արդյոք Մհեր Շահգելդյանն ու Գուրգեն Սարգսյանը պակա՞ս փորձառու էին եւ արդյոք նորանշանակ նախարարները ՕԵԿ անդամնե՞ր են, Սուսաննա Աբրահամյանը չկարողացավ պատասխանել` ասելով, թե բոլոր այդ հարցերին վաղը կայանալիք ասուլիսի ժամանակ կպատասխանի ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: