Այսօր ԱԺ-ի հերթական քառօրյայի օրակարգը հաստատելիս «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հարցրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, թե արդյոք ժամանակը չէ խորհրդարանի քննարկմանը ներկայացնել արձանագրությունները, կամ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում արված փոփոխություններով հետ կանչել դրանք, հաշվի առնելով թուրքական կողմից անընդհատ տրվող ապտակները:

«Ինչ վերաբերում է ապտակներին, ես ձեզ հետ համաձայն չեմ, դատարկ խոսակցությունները ապտակներ չեն: Մի իշխանություն`Թուրքիայի իշխանությունը, եթե մի արձանագրությունը ստորագրում է առանց նախապայմանի, այնուհետեւ առանց որեւէ նախապայմանի չի վավերացնում, կամ սկսում է այդ արձանագրությունների ստորագրմանը հակառակ հայտարարություններ անել, ես դա լուրջ չեմ վերաբերում, եւ լուրջ չեմ վերաբերում նման իշխանություններին»:

Իր խոսքի ավարտին ԱԺ նախագահը նորից պատրաստակամություն հայտնեց վավերացնել արձանագրությունները, բայց Թուրքիայից հետո:

«Իսկ որքանով է ճիշտ, որ բանակցում ես մի իշխանության հետ, որին անլուրջ ես վերաբերում եւ պահում ես այդ արձանագրությունները ընթացքի մեջ»,-հարցրեց «Ժառանգության» պատգամավոր Մարտիրոսյանը:

«Միեւնույնն է, ես նրանց լուրջ չեմ վերաբերում, իրենք իրենց խոսելով հակասություններ են մտցնում իրենց ստորագրած արձանագրությունների եւ հայտարարությունների միջեւ: Ես դա լուրջ չեմ վերաբերում: Իմ կարծիքով, դա է իմ գնահատականը»,-պատասխանեց Հովիկ Աբրահամյանը: