«Քանի դեռ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ ճանապարհային քարտեզ չի ներկայացվել եւ երկու երկրների նախագահները չեն հայտարարել, թե առաջընթաց է արձանագրվել Ղարաբաղի խնդրում, Թուրքիան չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները»,-այսօր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 73-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի ընթացքում հայտարարեց թուրք պատվիրակ, «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչ Սուաթ Քընքընօղլուն:
Նա նկատեց, որ «ԱՄՆ-ն այդ ուղղությամբ աշխատում է, բայց թե ուր կհասնեն եւ ինչ կհաջողվի նրանց, դժվարացավ ասել. «նրանք ասում են, որ դժվար է»:
Քընքընօղլուն քննադատեց հայկական կողմի այն վարքագիծը, համաձայն որի, պարբերաբար «ողջամիտ ժամկետներ» է նշում:
«Նախ ասում էին, թե թուրքական կողմը մինչեւ նոր տարի պետք է վավերացնի, հիմա ասում են, թե մինչեւ ապրիլ: Ես հիմա հայտարարում եմ, մինչեւ ապրիլ չեն վավերացվելու արձանագրությունները: 17 տարի փակ սահմանով ապրել եք, 1 տարի էլ կապրեք»,- միանշանակ հայտարարեց Քընքընօղլուն: Եվ ավելացրեց, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած 252 բանաձեւը բարդացրեց առանց այն էլ բարդ իրավիճակը. «Եթե այսպես շարունակվի հայ-թուրքական արձանագրությունները կմահանան, կզոհվեն»:
Ով ինչ կշահի` ըստ Սաբինա Ֆրեյզերի
Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան, ադրբեջանցի Թաբիբ Հուսեյնովն այսօր հայտարարեց, որ մինչեւ Հայաստանի ՍԴ` հունվարի 12-ի որոշումը, ստորագրված արձանագրությունները բխում էին ադրբեջանցիների եւ թուրքերի շահերից, քանի որ «հայկական կողմը հրաժարվում էր Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից` ճանաչելով սահմանը, եւ հրաժարվում էր մի բանից, որ իրենք անվանում են ցեղասպանություն. դա համոզմունքի խնդիր է, ոչ թե պատմական իրողություն»:
Իսկ այժմ, երբ ՍԴ-ն եզրակացություն է տվել` 6 էջանոց նախաբանով, իրենց շահերից չի բխում արձանագրությունների կյանքի կոչումը:
Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը չհամաձայնեց, թե ՍԴ որոշումը ինչ-որ փոփոխություն է մտցրել արդեն ստորագրված արձանագրությունների մեջ, եւ բացատրեց, թե ինչ կշահի Թուրքիան, եթե դրանք վավերացնի եւ ինչ կշահի ՀՀ-ն: Թուրքիան, ըստ Ֆրեյզերի, կշահի այն, որ ՀՀ-ն կճանաչի Թուրքիայի սահմանները, եւ դրանով վերջ կդրվի պատմական տարածքների հանդեպ հայկական կողմի, սփյուռքահայերի պահանջատիրությանը:
Տիկին Ֆրեյզերը նկատեց, որ այդպես էին մտածում նաեւ Թուրքիայում: Իսկ հայկական կողմը կշահի այն, որ առանց նախապայմանի կբացվի սահմանը 70 միլիոնանոց, զարգացող Թուրքիայի հետ, եւ «սահմանը կբացվի ավելի շուտ, քան կսկսի աշխատել պատմաբանների ենթահանձնաժողովը»: Նա հայկական կողմին կոչ արեց չառարկել, որ Թուրքիան Շվեյցարիայից գրավոր պատասխան ստանա ՍԴ որոշման վերաբերյալ, ու համաձայնվի պատմաբանների ենթահանձնաժողովում պատմական հարցերի քննարկմանը:
Իսկ Թուրքիային կոչ արեց կենտրոնանալ ոչ թե ընդհանրապես Հարավային Կովկասում իրավիճակի բարելավման խնդրի վրա, այլ երկկողմ` հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վրա: Մյուս կողմից էլ թուրքերին կոչ արեց համոզել Ադրբեջանին, որ հենց իրենց շահերից է բխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանն իր խոսքում անընդհատ շեշտում էր, որ մեր պատմական խնդիրները եղել են Օսմանյան կայսրության հետ, ոչ թե Թուրքիայի հանրապետության: Սակայն ընդգծեց, որ 20-րդ դարասկզբի եղածը ցեղասպանություն է` «3 մլն մարդ չէր կարող հակառակվել Թուրքիայի պետական շահին, բայց նրանք վերացան, հայերը Թուրքիայի արեւելյան հատվածներից վերացան, դա ցեղասպանություն է» :
«Եթե այդքան վստահ եք, որ ցեղասպանություն է, ինչու չեք համաձայնում քննարկել այդ հարցը պատմաբանների հանձնաժողովում, եկեք ու ապացուցեք, որ եղել է ցեղասպանություն»,-ասաց Քընքընօղլուն: