«Ցանկացած հակամարտության դեպքում, եթե խոսքը գնում է արագացված տեմպերով կարգավորման մասին, շատ մեծ սխալներ գործելու վտանգները մեծ են»,- Երեւանում հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը` անդրադառնալով ԵԱՀԿ ԽՎ նախագահի ներկայացուցչի հայտարարություններին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերն ասել էր, որ «պետք է ԼՂ կարգավորման խնդիրը լուծել շատ շտապ, շուտափույթ կերպով, եւ անգամ ոչ թե մոտ ապագայում, այլ հրատապ»:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի հետ հանդիպումից հետո Աշոտ Ղուլյանը այսօր լրագրողներին հայտնեց.

«Ես ինքս էլ ուզում էի պարոն Լենմարկերին այդ մասին հարց տալ, սակայն նա այսօր ներկա չէր: Երեւի նկատել եք, որ գոնե պարոն Լենմարկերի մակարդակով վերջին մի քանի տարիներին անընդհատ նշվում է, որ տարին հանգուցային կլինի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում, բայց գործընթացը դրանից ոչ շահում է, ոչ էլ կարծես թե տուժում»:

Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումն առանց ղարաբաղյան կողմի հնարավոր չէ:

«Դա ենթադրում է , որ պետք է լինի ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցությունների սեղանի շուրջ, ինչն իր հերթին ենթադրում է նաեւ, որ Ղարաբաղը կարող է անմիջականորեն ներկայացնել իրեն հուզող բոլոր հարցերը»,- ասաց նա` ավելացնելով, որ իրենց մասնակցությունը անհրաժեշտ է ոչ թե կարգավորման գործընթացն արագացնելու, այլ որպեսզի Արցախը անմիջականորեն հնարավորություն ունենա ներկայացնելու իր տեսակետները:

Ինչ վերաբերում է նորացված Մադրիդյան սկզբունքներին, ապա դրանք ղարաբաղյան կողմը պաշտոնապես չի ստացել, թեեւ Ղարաբաղում գիտեն դրանց մասին:

Իսկ Ժոաո Սոարեշի հետ հանդիպումից պարոն Ղուլյանը շատ գոհ էր եւ նրան հրավիրել է Ղարաբաղ` հենց տեղում ծանոթանալու հիմնախնդիրներին: Պարոն Սոարեշն ընդունել է նրա հրավերը:
Լրագրողներին այսօր չհաջողվեց մեկ ժամից ավելի սպասելուց հետո հարցեր ուղղել Ժոաո Սոարեշին: Վերջինս, շնորհակալություն հայտնելով բոլոր լրագրողներին, հանդիպումից հետո արագ հեռացավ:
Վաղն առավոտյան պարոն Սոարեշը կմեկնի Բաքու: