ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը ԱՄՆ պետական դեպարտամենտի «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցի` Հայաստանին վերաբերող հատվածը անաչառ է համարում:

«Վերջապես կարծես թե Արեւմուտքում հասկանում են, որ այս իշխանություններին աջակցելը ժամանակի վատնում է, իզուր անհույս հիվանդին առողջացնելու փորձ: Նրանք արձանագրում են ոչ թե այս կամ այն կողմի իրենց սիմպատիաները, այլ ուղղակի արձանագրում են իրադարձությունները»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա:

ՀՀՇ վարչության անդամը նկատում է, որ ինքը զեկույցի ձեւակերպումներն ավելի դաժան, ավելի մուգ գույներով կներկայացներ. «Քաղաքական ազատությունների եւ խոսքի ազատության առումով աննախադեպ նահանջ է, լրագրողների նկատմամբ ծեծի, բռնության դեպքերը երկու տարվա ընթացքում 30-ը անցան, եւ քաղաքական բանտարկյալները դեռեւս իրողություն են: Այս ֆոնի վրա Պետդեպարտամենտի զեկույցը մոտ է անաչառ զեկույցին, այն կամաց մոտենում է իրականության բացահայտմանը: Դա նշանակում է, որ այս իշխանությունները մեղավոր եւ պատասխանատու են նշված իրավիճակների համար»:

Այդուհանդերձ, Արամ Մանուկյանը այնքան էլ հույսեր չի կապում այդ փաստաթղթի հետ. «Ոչինչ էլ չի տա: Հույս չունեմ, թե դրսի փաստաթղթերը ինչ որ բան կտան: Մենք մի խնդիր ունենք, դա մեր ժողովուրդն է, ժողովրդի կամքն է, ցանկությունն է եւ երկիրը օրինական ռելսերի վրա տեղավորելու պայքարը»: