ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը ԼՂ խնդրում արագ հանգուցալուծում չի կանխատեսում` ի տարբերություն Հայ ազգային կոնգրեսի որոշ ուժերի, որոնք գտնում են, որ խնդիրը շատ մոտ է վերջնական հանգուցալուծման:
«Խնդրի վատ կարգավորումն ավելի վատ է, քան չկարգավորումը»,-պատասխանելով լրագրողի հարցին, թե ի վերջո լավ է, թե վատ, որ հանգուցալուծում չի երեւում` ասաց Ստեփան Դեմիրճյանը:
Նա մտահոգիչ է համարում ղարաբաղյան խնդրում զարգացումները, հատկապես այն, որ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցային գործընթացին:
ՀԺԿ նախագահը վստահ է, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումից հետո Թուրքիան չի վավերացնի արձանագրություններն, անգամ վերապահումներով: Ստեփան Դեմիրճյանը գրեթե համոզված է, որ չնայած արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քայլին` ԱՄՆ Կոնգրեսը չի ընդունի բանաձեւը, իսկ նախագահ Օբաման չի արտասանի ցեղասպանություն բառը:
ՀԺԿ նախագահը ներքաղաքական խնդիրներից խոսելիս ընդգծեց, որ առանց համակարգային, արմատական փոփոխությունների իրավիճակի կայունացում սպասել անհնար է: Իսկ փոփոխություններ կլինեն միայն այն դեպքում, երբ անցկացվեն արդար ընտրություններ եւ որի արդյունքում կձեւավորվի իրապես ընտրված իշխանություն: Իշխանափոխության այլ ճանապարհներ, քան քաղաքականն է, Ստեփան Դեմիրճյանը չի ընդունում. «Ասում են զենքով իշխանափոխություն անեն, ուժով, այդ բոլորը մեզ համար անընդունելի են, գործող ընդդիմության համար անընդունելի է»: Բայց, ըստ նրա, անհրաժեշտ է, որ ընտրություններում քվեները պահպանեն եւ ձայները պաշտպանեն բոլորը միասին, ողջ հանրությունը: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի պայքարել ընտրակեղծիքների դեմ:
Ինչ վերաբերում է վերջերս կոռուպցիայի դեմ ծավալվող իբր պայքարին, ապա ըստ Դեմիրճյանի, դա իմիտացիա է. «Այս իշխանությունը չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ, քանի որ պայքարը պետք է սկսել ամենավերեւից: Իսկ այն, ինչ արվում է, դեկլարատիվ բնույթ ունի, իմիտացիա է»: