Վաղը` մարտի 11-ին, լրանում է «Պերեստրոյկայի» 25-ամյակը: Միխայիլ Գորբաչովը, ընտրվելով Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար, սկիզբ դրեց բարեփոխումների քաղաքականությանը:


Գորբաչովի ղեկավարած հիմնադրամը զեկույց է հրապարակել «Պերեստրոյկայի» 25-ամյակի մասին, որտեղ խոսվում է ԽՍՀՄ-ի փլուզման պատճառների մասին եւ դրանց շարքում հիշատակվում է ղարաբաղյան շարժումը։

«80-ականների վերջին մենք կարող էինք ինչ-որ ձեւով լուծել Ղարաբաղի հարցը. մեր կողմից առաջարկ էր մշակվել՝ Ղարաբաղում հանրապետություն ստեղծելու մասին։ Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավարությունը՝ Վեզիրովն էր, կարծեմ, արդեն սկսել էր համաձայնել դրան», - ասել ԽՍՀՄ-ի նախկին ղեկավար «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Հարցին, թե արդյոք ԽՍՀՄ-ի ղեկավարությունը այն ժամանակ գիտակցում էր, թե ի՞նչ է իրականում տեղի ունենում, Գորբաչովը պատասխանել է.

«Ինձ թվում է պետք էր աջակցել Լեռնային Ղարաբաղին, կարգավիճակ տալ։ Պետք էր աջակցել հատկապես տնտեսական առումով, պետք էր այնպես անել, որ մարդիկ կարողանային հանգիստ կապ ունենալ Երեւանի հետ։ Հետո, իհարկե, մենք Ղարաբաղին գումարներ հատկացրեցինք, իսկ թե ինչպես ծախսվեցին այդ գումարները՝ չգիտեմ»։


Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավորություններին, Գորբաչովը նշեց, թե հնարավոր լուծումներ չի տեսնում. «Չգիտեմ, հնարավո՞ր է արդյոք Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ։ Այն ժամանակ դա դեռեւս հնարավոր էր անել՝ Ղարաբաղին ինքնուրույնություն տալով, Ղարաբաղը զարգացնելով ընդհանրապես եւ տնտեսապես, ֆինանսավորում տրամադրելով»: