Լոս Անջելեսում գործող «Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունը:
Հետեւելով դատաքննության ընթացքին` ընկերակցությունը արձանագրել է, որ վերաքննիչ դատավորների կողմից իրականացվել են ՀՀ քրեադատավարական օրենսգրքի հիմնարար սկզբունքների միտումնավոր խախտումներ:
Օրինակ` չի պահպանվել դատավարության կողմերի հավասարությունը, խոչընդոտվել է կողմերի միջեւ մրցակցության սկզբունքի կիրառումը, «դատարանը բացեիբաց ճնշումներ է կիրառել պաշտպանական կողմի եւ նրա անմեղությունը ապացուցող վկանների նկատմամբ, հակառակը ջանասիրորեն տեղի է տվել մեղադրող կողմի կողմից ներկայացվող, իրավագիտությանը համար անընդունելի, որոշ «ապացույցների» եւ միջնորդությունների»։
«Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իրականացված քրեական հետապնդումն ու դատավարութամբ ապացուցվել է հետեւյալները՝
Ա/ Նիկոլ Փաշինյանը հետապնդվել եւ շարունակվում է հետապնդվել իր քաղաքական հայացքների, ընդդիմության պատկանելու եւ իր ընդդիմադիր քաղաքական գործունեության համար,
Բ/ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կայացված բոլոր որոշումները կայացվել են ոչ թե արդարադատության, դատական համակարգի կողմից, այլ Հայաստանի քաղաքական իշխանությունների կողմից։
Գ/ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ բոլոր այլ քաղբանտարկյալների նկատմամբ, իրականացվել է ոչ թե արդարադատություն այլ քաղաքական հաշվեհարդար, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության, արդարադատության իրականացումը ապահովող այլ օրենքների եւ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին»,-ասված է հայտարարության մեջ։
ՙՀայ Քաղաքացիական Հասարակություն՚ Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը կոչ է անում ՀՀ Վճռաբեկ Դատարանին չկրկնելու իրեն ընդդատյա երկու դատարանների սխալները, կասեցնել ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անարդարադատության իրականացումը, չընկրկել Հայաստանի քաղաքական իշխանությունների առջեւ եւ կայացնել արդարադատ որոշում Հանուն այլ ոչ թե Ընդդեմ Հայաստանի Հանրապետության: