Վերաքննիչ դատարանն, ըստ էության, այսօր սրբագրեց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը: Անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` 7 տարի ազատազրկումը, վերաքննիչը այսօր համաներում կիրառեց Նիկոլ Փաշինյանի չկրած պատժի նկատմամբ:
«Սա խայտառակ, ապօրինի որոշում է: ՀՀ դատարաններից այլ որոշում հնարավոր չէ ակնկալել, սակայն ամեն անգամ մտածում ենք, որ դատարանները վերջին հաշվով կհիշեն իրենց առաքելությունը եւ արդարադատություն իրականացնեն: Փաշինյանի նկատմամբ համաներում պետք է կիրառեր դեռ առաջին ատյանի դատարանը: Մենք ոչ թե համաներում էինքն ակնկալում, այլ արդարացման որոշում, քանի որ Փաշինյանը որեւէ հանցանք չի կատարել» ,- Վերաքննիչի վճռի հրապարակումից հետո այսօր «Ա1+»-ին ասաց Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Համաներումը Փաշինյանի նկատմամբ կկիրառվի Վերաքննիչ դատարանի վճիռը օրենքի ուժ ստանալու դեպքում: Իսկ երբ Վերաքննիչի որոշումը օրենքի ուժ կստանա, հստակ դժվար է ասել, քանի որ փաստաբանները պատրաստվում են այն բողոքարկել Վճռաբեկ դատարան:
Լուսինե Սահակյանի կարծիքով` 2008թ. մարտի 1-ի գործերով դատապարտող որոշումներ կայացնելով` դատարանները կատարել են հանցագործություններ: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի դատավճիռն այսօր հրապարակվեց մեղադրողների բացակայությամբ: «Մեղադրողները չէին ներկայացել, քանի որ նրանք համոզված էին, որ Վերաքննիչը անփոփոխ է թողնելու առաջին ատյանի որոշումը եւ նրանց բողոքը ձեւական էր»,- մեկնաբանեց տիկին Սահակյանը: Դատախազությունը եւս բողոք էր ներկայացրել` չհամաձայնվելով ընդհանուր իրավասության որոշման այն հատվածի հետ, որով 316-րդ հոդվածի առաջին մասով Փաշինյանն արդարացվել էր:
Վերաքննիչի բողոքից վրդովված` դահլիճում ներկաններին փորձեց հանգստացնել Նիկոլ Փաշինյանը. «Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը: Մենք հաղթելու ենք: Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Վերաքննիչի վճռին ավելի կտրուկ արձագանքեցին դատարանի բակում հավաքվածները: «Ամոթ, ամոթ», «Դատվելու եք», -վանկարկում էին հավաքվածները: Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին սկսեց վանկարկել «Սերժիկ, մարդասպան»: Ոստիկանները իրենց օպերատորին պատվիրեցին տեսագրել Գասպարին , սակայն դրանից Գասպարին ավելի ոգեւորեց, իսկ երբ ոստիկանները որոշեցին քայլեր ձեռնարկել Գասպարին լռեցնելու համար` նույն վանկարկումը սկսեցին կրկնել դատարանի բակում բոլոր հավաքվածները: