Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը համոզված է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւը «չի հասնելու» ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստ:

«Վերջին 10 տարվա ընթացքում սա արդեն 4-րդ բանաձեւն է, որն ընդունել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը, եւ առաջին 3-ը մնացել են այդ մակարդակներում: Կարծում եմ' նույն ճակատագիրը սպասվում է նաեւ այս բանաձեւին»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Նա նշեց, որ այս անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի օգտին քվարկել են ավելի պակաս թվով կոնգրեսականներ, քան նախկինում. «Դրա պատճառն այն է, որ կոնգրեսականները եւ ԱՄՆ վարչակարգը, այն կոնգրեսականները, որոնք նախկինում փորձում էին ազդել դեռեւս տատանվող  կոնգրեսականների վրա, հիմա վկայակոչում են հայ-թուրքական արձանագրությունները եւ նկատում, որ բանաձեւի ընդունումը կարող է վտանգել այդ արձանագրությունների վավերացումը»:

Ըստ Վլադիմիր Կարապետյանի'վերջին տարիներին ԱՄՆ -ն փոխել է իր մոտեցումը Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ. «Օբամայի դիրքորոշման փոփոխության մասին է վկայում տիկին Քլինթոնի հայտարարությունը: Այսինքն, Հայոց ցեղասպանության ճանաչումը այլեւս ԱՄՆ-ի օրակարգում չէ: Դա լուրջ նահանջի վկայություն է' ԱՄՆ-ում ցեղասպանության ճանաչման գործընթացում»:

  Նա կարծում է, որ Թուրքիան ամեն ինչ անելու է ԱՄՆ նախագահի, ԱՄՆ կառավարության վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինս ակտիվացնի իր միջնորդական ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: «Թուրքիան հասավ իր նպատակին այն իմաստով, որ այսօր նա ավելի կտրուկ եւ կոշտ է խոսում ԱՄՆ-ի հետ: Նման ոճը Թուրքիան շարունակելու է եւ ԱՄՆ-ի վրա Թուրքիայի ազդեցությունն ավելի է մեծանալու»,-ասում է նա:   

 Կարապետյանը դժվարանում է ՀՀ իշխանությունների հայտարարություններում տրամաբանություն գտնել, այդ թվում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: 

«Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Թուրքիա կգնա բաց սահմանով, կամ սահմանը բացվելու նախաշեմին: Այսօր սահմանը բաց չէ: Դավութօղլու հետ վերջին հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե մոտ ժամանակներում չվավերացվեն արձանագրությունները ՀՀ-ն դուրս կգա գործընթացից: Կարծում եմ, որ ՀՀ իշխանություններն առաջին հերթին պետք է հավատարիմ լինեն իրենց հայտարարություններին»,- ասաց Կարապետյանը: