«Եթե ես լինեի ընդդիմություն, կասեի` էս ի՞նչ օրինագիծ եք բերել խորհրդարան»,- այսօր նման հայտարարություն արեց խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` խոսելով երեկ առաջին ընթերցմամբ ներկայացված հարկային փոփոխությունների փաթեթի մասին:

Իսկ նրա դժգոհությունը ոչ թե նրա մասին էր, որ կառավարությունն առաջարկում է ավելացնել 8 նոր հարկատեսակ, այլ որ այդ օրինագիծը քննադատեցին ոչ միայն ընդդիմադիր պատգամավորները, այլեւ կոալիցիոն:

Գալուստ Սահակյանը կոալիցիոն գործընկերներին մեղադրեց «ձեռքի հետ ժողովրդավար» երեւալու փորձերի մեջ: «Ես վստահ եմ, որ հիմա դնենք քվեարկության, օրինագիծը կանցնի, բայց այս 15 օրը թող անգիտությունից հանի ձեզ»,- պատգամավորներին փաստորեն անգրագիտության մեջ մեղադրեց մեծամասնության ղեկավարը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «Հարկերի մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, ըստ որի առաջարկվում է սահմանել տեղական հարկատեսակների ցանկը:

Դրանում ներկայումս պետական հարկատեսակներ համարվող գույքահարկի ու հողի հարկի հետ աջարկվում է ներառել 8 նոր տեղական հարկատեսակներ` հյուրանոցային հարկ, վաճառքի հարկ, անավարտ շինարարության (կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի) հարկ, գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկ, կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկ, համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու հարկ, տրանսպորտային միջոցների կայանատեղու հարկ, հանրային տարածքների զբաղեցման հարկ:

Ըստ օրինագծի, հողի հարկի եւ գույքահարկի կիրառումը յուրաքանչյուր համայնքում պարտադիր է, իսկ մյուս տեղական հարկերի կիրառումը եւ դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքում սահմանելու է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ:

Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ պատգամավորներն ու մամուլը թյուրիմացության մեջ են` ոչ մի հարկ էլ չի ավելանում, ՏԻՄ-երը պետք է որոշեն` որքան հարկ են գանձում:

Ի դեպ, օրենսդրական փաթեթում ամրագրված է, որ համայնքը կարող է գնահատել եւ վերագնահատել օբյեկտի հարկման ենթակա բազան, իսկ անհամապատասխանության դեպքում արդյունքները ներկայացնել գնահատում եւ վերագնահատում իրականացնող լիազոր մարմնին կամ վիճարկել դատական կարգով:

Օրինագծին դեմ պատգամավորների կարծիքով, սա կարող է բերել արտագաղթի. «Եթե գյուղացին չունի հող/ իսկ եթե հարկ դնեն, նա ստիպված կլինի հրաժարվել իր հողակտորից/, նա կլքի երկիրը»,-հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: «Սա նման է պիրատության, ավազակահենության»,-ավելացրեց Ստեփան Սաֆարյանը:

Իսկ Վիկտոր Դալլաքյանը շարունակեց Գալուստ Սահակյանի սկսած թեման. Նա նկատեց, որ այն դեպքում, երբ կոալիցիոն նախարարները կողմ են քվեարկել ներկայացված նախագծին, նույն քաղաքկան ուժի պատգամավորները մամուլի եւ ժողովրդի առջեւ ներկայանում են սրտացավ մարդիկ եւ դեմ են արտահայտվում.

«Նրանք վաղը կողմ են քվեարկելու ինչպես փիսիկ,- ասաց Դալլաքյանը եւ հայտարարեց,- Մարդիկ հացի փող չունեն, դուք ուզում եք ժողովրդին լրի՞վ ոչնչացնել»:

Օրենսդրական փաթեթը քվեարկության կդրվի 15 օրից` հաջորդ քառօրյայում: Մինչ այդ, օրենսդրական փաթեթը կլրամշակվի, իսկ Գալուստ Սահակյանի տրամաբանությամբ` պատգամավորները կազատվեն անգիտությունից: