«Ժառանգություն»կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ նույնանուն խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հանդիպել են Գերմանիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակությանը` Եվրոպայի ազատական, ժողովրդավարական եւ բարեփոխումների կուսակցության փոխնախագահ Մարկուս Լյոնինգի գլխավորությամբ:

Նրան ուղեկցում էին կուսակցության քաղաքական խորհրդատու Դանիել Տանահատոեն եւ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի թբիլիսյան բյուրոյի ղեկավար դոկտոր Վոլֆգանգ Յոհնը: Հանդիպման նպատակը եվրոպական եւ հայաստանյան լիբերալ ուղղվածության քաղաքական ուժերի միջեւ համագործակցության խթանումն էր:

Հյուրերի խնդրանքով Արմեն Մարտիրոսյանը ներկայացրել է կուսակցության քաղաքական, իսկ Ստյոպա Սաֆարյանը` խորհրդարանական գործունեությունը: Քննարկվեցին Հայաստանի քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերը` քաղբանտարկյալների ազատ արձակման, մարտի 1-ի ոճրագործության բացահայտման, կուսակցական ու ընտրական համակարգերի, ԶԼՄ-ների եւ տեղեկատվական դաշտի բարեփոխման հրամայականները:

ՙԺառանգության՚ ղեկավարները ներկայացրին նաեւ կուսակցության տեսլականը եւ դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Հատուկ քննարկման առարկա դարձավ խորհրդարանում կուսակցության գործունեությունը խոչընդոտելու փաստերը, որոնց օրերս ավելացել է եւս մեկը` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՙԺառանգություն՚ խմբակցության ներկայացուցիչ, այդ կառույցում ՙԵվրոպայի ժողովրդական կուսակցություն՚ խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանի պատգամավորական պարտականությունների չկատարման նպատակով վերստին խորհրդարանի ղեկավարության մակարդակով դրված արգելքը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաեւ կուսակցության գործունեությունը կասեցնելունն ուղղված պատվիրված կոչերին, ինչպես նաեւ` իշխանության վերահսկողության ներքո գտնվող ԶԼՄ-ներով նրա դեմ իրականցվող կեղտոտ քարոզչությանը:

Տեղեկացնում է ՙԺառանգություն՚ կուսակցության մամլո ծառայությունը: