Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը խոստանում է մասնակցել ՀՀ-ում տեղի ունեցող բոլոր ընտրություններին:

«Ես ժողովրդին երբեք չեմ զրկելու այլընտրանքից»,- այսօր «Ա1+»-ին խոստացավ Տիգրան Կարապետիչը: Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկվա այն հայտարարությանը, թե 2012թ. Նախագահի ընտրություններին նորից ընտրվելու է Սերժ Սարգսյանը, Տիգրան Կարապետիչը նկատեց. «Եթե որեւէ մեկն ասում է, որ Սերժ Սարգսյանը կամ որեւէ մեկն ընտրվելու է` սուբյեկտիվ կարծիք է հայտնում: Նա որտեղից գիտի, թե ում է ընտրելու ժողովուրդը: Դա նշանակում է , որ արդեն ասում է, որ ընտրություններ չեն լինելու: Ես մեղմ կակնարկեմ` գուցե հաճոյանում է»:

Նրան խիստ մտահոգում է քաղաքական դաշտում տիրող իրավիճակը: Պատասխանելով լրագրողների հարցերին` Կարապետիչն այսօր անդրադարձավ նաեւ ՀՀԿ համագումարի ընթացքում Արտաշես Գեղամյանի այն խոստովանությանը, թե 2007թ.-ից նա պաշտպանել է Սերժ Սարգսյանին. «Ես ձեզ մի բան կասեմ, տղան պիտի մնա տղա: Երբ տղան համ աղջիկ է, համ տղա դա արդեն ուրիշ բան է կոչվում: Ժողովուրդը շատ լավ գիտի ով` ով է: Օրինակ ո՞ւր է գնացել «Ժառանգության» Վարդան Խաչատրյանը. նա դեսանտ է իջել իշխանությունների կողմից: Ես բոլորի մասին միշտ էլ ամեն ինչ բացահայտ ասում եմ»:

Տիգրան Կարապետիչը կարծում է, որ այսօր ժողովրդի վստահությունը չի վայելում նաեւ ՀՅԴ-ն. «ՀՅԴ-ն շոգեքարշ էր հանդես գալիս, որի հետեւից մի քանի վագոններ կային, հետո ավելի մանր վագոններ: Հիմա ՀՅԴ-ն չի կարողանում քաշել, ժողովրդի վստահության պակասն ունի: Դրա համար պետք է չգնան ստեղ-ընդեղ պարելու»: Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, ապա Կարապետիչը փոփոխություն է տեսնում նաեւ այստեղ. «Կոնգրեսը մի տեսակ փափկել է` կարագով բուլկի է դարձել, էլ չի ասում ավազակապետություն: Հիմա մենակ ես եմ սուր խոսում: Ես իմ կենտրոնամետ դիրքորշումով դարձել եմ ծայրահեղ: Ինձ ասում են, որ ընդդիմություն եմ դարձել, բայց ես միշտ եմ այսպիսին եղել»:

Ամփոփվելով 2009թ. Տիգրան Կարապետիչը միայն մեկ դրական քայլ տեսավ, որը դեռ չի իրականացվել. «Դա այն է, որ իշխանությունները կարծես թե պատրաստվում են չեղյալ հայտարարել ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները»: Ի դեպ, 2010թ. սկզբին Տիգրան Կարապետիչը պատրաստվում է հանրահավաք անցկացնել` հայ-թուրքական արձանագրությունների, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի դեմ իր բողոքն եւս մեկ անգամ արտահայտելու դեմ:

Այսօր Տիգրան Կարապետյանը խոսեց նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին 8 տարի ազատազրկում դատապարտելու մեղադրող կողմի պահանջի մասին եւ ասաց. «Մենք չունենք ազատ եւ անկախ դատարան: Եթե ես Կենտրոն համայնքի բնակիչ լինեին, հունվարի 10-ի ընտրություններին ես իմ ձայնը կտայի Նիկոլ Փաշինյանին»:

Ի դեպ, այսօր լրագրողների հետ հանդիպումից հետ Տիգրան Կարապետյանը պատրաստվում էր գյուղ գնալ` երեխաներին Ամանորյա նվերներ բաժանելու. «Ես նվերներ եմ բաժանում երեխաների, որոնք ընտրելու իրավունք չունեն, որ հետո չասեն, թե նվեր եմ տալիս, ձայն ստանալու ակնկալիքով»: