Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շարունակում է նախկին կուսակից, այժմ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին գործընկեր համարել:
Սակայն կարծում է, որ ՀՀԿ խմբակցության անդամը չպետք է ստորագրի մի դիմումի տակ, որն ուղղված է իր ղեկավարին: Քանի որ, ըստ նրա` իրենց կուսակցությունում կա հնարավորություն գոնե ամիսը մեկ կամ շաբաթը մեկ անգամ շփվել կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Եթե նման հարց կա եւ պատգամավորը գտնում է, որ պետք է դիմի Սասունի համար նախագահին, կարող է այդ հանդիպումը կազմակերպել եւ բանավոր դիմել նրան,- ԱԺ-ում հրավիրված ասուլիսում հայտարարեց Հովիկ Աբրահամյանը` ավելացնելով,- Իմ կարծիքով, պատգամավորի կամ ԱԺ նախագահի նամակով նախագահը օրենքով օժտված չէ որեւէ մեկին ներել, խնդրանք -նամակը պետք է գրի նա, ում վերաբերվում է այդ ներման գործընթացը»:
ԱԺ նախագահը կողջունի Նիկոլ Փաշինյանին
Ի՞նչ կփոխվի ԱԺ բարոյահոգեբանական մթնոլորտում Նիկոլ Փաշինյանի ԱԺ գալուց հետո: Այդ հարցի պատասխանից պարզվեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը միայն ուրախ կլինի, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի:
«Ինչքան մենք ընդդիմություն ենք ունենում ԱԺ-ում, այնքան հարցերը ավելի խորն են քննարկվում, ողջամիտ հակասությունների արդյունքում ծնվում է շատ լավ նախագծեր, շատ լավ օրենքներ: Ես որեւէ վատ բան չեմ տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի եւ մասնակցի նիստերին»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
«Մամուլում գրված էր, որ վայ ԱԺ նախագահին, որ Նիկոլը գա ԱԺ: Ես հակառակն եմ ասում, ցանկանում եմ, որ նա ընտրվի եւ հաջողություն եմ ցանկանում: Որեւէ մեկ պատգամավոր չի կարող վայ դարձնել ԱԺ նախագահին եւ գործառույթներին»,-շարունակեց նա:
Ի դեպ, հարցին, թե նա էլ է Մարտի մեկի էջը փակված համարում, ԱԺ նախագահը պատասխանեց. «Որպես փաստ` այո, սակայն որպես երեւույթ մենք դեռ շատ անելիքներ ունենք, որ նման դեպքերը ՀՀ -ում չկրկնվեն»: