Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը համարում է ավարտված:
«Ավարտված է Թուրքիայի համար, ավարտված է միջազգային հանրության համար, իսկ ՀՀ իշխանությունները փնտրտուքի մեջ են, թե ինչպես մասնակիորեն գոնե մեղմացնեն իրենց սխալների հետեւանքները: Այն, ինչ նրանք փորձում են անել այսօր` օրենսդրական փոփոխություններ, դա հերթական սխալն է: Այդ ի՞նչ են ուզում անել, որ այսօրվա օրենսդրությունն իրենց խանգարում է»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Նա կարծում է, որ Թուրքիային կարելի է մեղադրել ամեն ինչում, սակայն պետք է ընդունել, որ Թուրքիան ի սկզբանե եղել է անկեղծ. «Թուրքիան մինչեւ արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում եւ դրանից հետո բազմիցս ասել է, որ առանց ԼՂ հիմնախնդրի կարգավորման հայ-թուրքական սահմանը չի բացվի: ՀՀ իշխանությունները սկզբում ասում էին, որ դա Թուրքիայի ներքին սպառման համար է, իսկ հիմա հասկացել են ողջ վտանգը»:
Շահնազարյանն հիշեցրեց, որ ՀՀ իշխանություններն ասում էին` եթե Թուրքիայի խորհրդարանը մինչեւ դեկտեմբերի 7-ը չվավերացնի արձանագրությունները, ապա Էրդողանի այցը Վաշինգտոն եւ Օբամայի հետ հանդիպումը չի կայանա. «Դա կատարյալ քաղաքական անգրագիտություն էր: Տեղի ունեցավ այն, ինչ ասել էինք: Ոչ թե ԱՄՆ-ն է ճնշումներ բանեցնելու Թուրքիայի վրա, այլ` Թուրքիան ԱՄՆ-ի վրա: Դեպքերի որեւէ զարգացման դեպքում ես բացառում եմ, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան դա շատ լավ գիտի: ԱՄՆ-ն երբեք չի գնա այնպիսի ռիսկի, որ այս տարածաշրջանում Իրանից հետո ունենա երկրորդ հակաամերիկյան տրամադրություններով պետությունը` Թուրքիան: Մոռացեք այդ մասին»:
Շահնազարյանը չի կարծում, որ հունվարի 12-ին ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի ներկայացված արձանագրությունները, քանի որ դրանով կհիմնավորի, որ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը անգրագետ, հակասահմանադրական փաստաթուղթ են ստորագրել, իսկ ՍԴ-ն այս իշխանությունների կցորդն է:
Շահնազարյանը որեւէ առաջընթաց չի տեսնում նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Նա ցավով նշեց, որ 2009թ. ՀՀ-ն որեւէ ոլորտում որեւէ ձեռքբերում չի արձանագրել: Շահնազարյանի կարծիքով մեր երկրի ամենալուրջ սպառնալիքը վերջին 10 տարիներին ձեւավորված օլիգարխիկ համակարգն է: Մարտի 1-ի դեպքերի «բացահայտումները», ըստ Շահնազարյանին, մեր հասարակության եւ միջազգային հանրության համար լրացուցիչ անգամ ապացուցեց. «2008թ նախագահի ընտրությունների ընթացքում եւ դրանից հետո ՀՀ-ում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում: 2008թ. Փետրվարի 23-ի ՀՀ Պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանն ուղղակի իրեղեն ապացույց է` բռնի ուժով իշխանության զավթման: Այդ առիթով իշխանությունների այն բացատրությունները, թե Ադրբեջանի կողմից վտանգ էր սպառնում, ծիծաղելի է: Այդ դեպքում, չգիտես ինչու, ողջ զինված ուժերը կենտրոնանում են Երեւանում եւ դրվում Երեւանի կայազորի հրամանատարության տակ: Այդ հրամանը շատ լուրջ հիմք է քրեական գործ հարուցվելու համար եւ կասկած չունենաք, որ ժամանակին դա կհարուցվի»:
Նա հիշեցրեց, որ հենց փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ Մոսկվայից եւ խորհրդակցություններ սկսեց ուժային կառույցների հետ, որի արդյունքում էլ բազմաթիվ փաստաթղթեր ծնվեցին, որոնց բացահայտումը Շահնազարյանը համարում է անխուսափելի: Որպես 2009թ ձեռքբերում նա համարում է Կոնգրեսի կայացումը որպես ինստիտուցիոնալ ընդդիմություն, իսկ ամենամեծ ձախողումը` դեռ 15 քաղբանտարկյալների առկայություն է. «Քաղբանտարկյալներ պահող իշխանությունն ի վիճակի չէ ՀՀ-ի պետական շահերից բխող որեւէ քայլ կատարել»:
Անդրադառնալով 2010թ. հնարավոր քաղաքական զարգացումներին` Շահնազարյանը վստահեցրեց, որ ՀՀ-ում իշխանափոխությունն այլընտրանք չունի:
Նա համամիտ է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի այն տեսակետի հետ, որ զանգվածային միջոցառումների դադարը պետք է չափավոր լինի: «Այո, պետք է չափավոր լինի եւ ես կարծում եմ, որ այդ դադարը ճիշտ էր եւ շատ շուտով դուք ականատես կլինենք Կոնգրեսի ակտիվացման»: Օգտվելով առիթից Դավիթ Շահնազարյանը բոլորին հրավիրեց հունվարի 8-ի հանրահավաքին` չբացառելով, որ հենց այդ հանրահավաքը կլինի ակտիվացման սկիզբը:
«Անձնական մանրախնդրություն է»
Նիկոլ Փաշինյանին 8 տարի ազատազրկում պահանջելը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը գնահատում է գործող վարչախմբի անմարդկային դեմքի վառ ապացույց: «Դաժանության վառ օրինակ է, որն ապացուցում է, որ իշխանությունը ռեպրեսիվ միջոցներից բացի որեւէ այլ մեթոդ չունի հասարակության հետ խոսելու համար»,- այսօր «Ա1+»-ին ասաց նա:
Փաշինյանի նկատմամբ իշխանությունների գործողություններում Շահնազարյանը տեսնում է. «Անձնական մանրախնդրություն, քինախնդրություն, այլ բացատրություն ես չեմ տեսնում: Իշխանությունների պահվածքը որեւէ քաղաքական տրամաբանության մեջ չի մտնում: Բացատրություններ կարելի է գտնել միայն քրեածին մտածելակերպի սահմաններում»:
Շահնազարյանը կասկած չունի, որ թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ի ընտրությունների ընթացքում իշխանություններն ամեն ինչ անելու են եւ գործի են դնելու կեղծիքների, շանտաժի, բռնությունների ողջ զինանոցը. «Մենք էլ ներդնելու ենք մեր ուժերը: Տեսնենք ինչ կստացվի»: