«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը դատապարտում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլեւ ընդդիմության բոլոր ներկայացուցիչների նկատմամբ ընթացած եւ ընթացող դատավարությունները:
«Ես ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլեւ բոլոր քաղբանտարկյալների քրեական գործերը համարում եմ շինծու: Մարդիկ, որոնք մեղավոր չեն դատապարտվեցին միայն իրենց քաղաքական հայացքների համար»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը: Նա կարծում է, որ Փաշինյանի նկատմամբ իշխանություններն անձնական մոտեցում են ցուցաբերում` նրա համար 8 տարի ազատազրկում պահանջելով. «Վրեժխնդրություն տեղի ունեցավ բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ»:
Այսօր Արմեն Մարտիրոսյանը հրաժարվեց մեկնաբանել Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի այն հայտարարությունը, թե Փաշինյանը եւ ընդդիմության մյուս ակտիվիստները պատասխանատու են 2008թ. մարտի 1-ի համար, իսկ մասնավորապես Փաշինյանը մասսաներին կոչ է արել զինվել եւ զինված բախումների կոչ է արել, սակայն ասաց. «Ժամը 15.00-ից հետո ես ներկա եմ եղել Մյասնիկյանի արձանի մոտ եւ ինձ համար միանշանակ է, որ ուժային կառույցները չեն գործել սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքների շրջանակներում, եւ իշխանությունների կողմից սադրիչ խմբեր են գործել: Խաղաղ ցուցարարներից որեւէ մեկը 2008թ. մարտի 1-ին չի զինվել եւ դա ապացուցման կարիք չունի»:
Նա անլուրջ է համարում իշխանության ներկայացուցիչների այն պնդումները, թե թիվ 10 ընտրատարածքում բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ են ստեղծվել մրցակցության համար. «Բնականաբար անհավասար պայմաններ են»:
Նա նաեւ նկատեց, որ թիվ 10 ընտրատարածքում իշխանությունները չեն առաջադրել այնպիսի թեկնածուի, որի համար մեծ ռեսուրսներ կիրառեն:
Ամփոփվելով 2009թ. Մարտիրոսյանը ընդգծեց, որ դրանք 2008թ.-ի շարունակությունն էր, որ հույս չի ներշնչում, որ 2010թ. մենք ականատես չենք լինի դրական զարգացումների` թե տնտեսական եւ քաղաքական առումով: «2010թ. մեզ սպասվում է շատ բարդ տարի»,- ասաց Մարտիրոսյանը: Նա գտնում է, որ ՀՀ-ում իշխանափոխության բոլոր հիմքերն առկա են, սակայն դրանք պետք է գործողությունների վերածել եւ այդ իսկ պատճառով, նա չկանխատեսեց` 2010թ. ՀՀ-ում իշխանափոխություն տեղի կունենա, թե` ոչ: Ի դեպ, 2009թ միակ ձեռքբերումը նա համարում է այն, որ այս տարի Մարտի 1-ը չկրկնվեց: