Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը, թեեւ չի հետեւում Նիկոլ Փաշինյանի դատավարությանը, սակայն գտնում է, որ նա պատասխանատու է Մարտի 1-ի դեպքերի համար:
«Այն, որ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլոց, պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի դեպքերի համար, ես դրանում չեմ էլ կասկածում: Ինչպիսին կլինի դատարանի վճիռը, ցույց կտա ժամանակը»,- այսօր պատասխանելով «Ա1+»-ի հարցին` ասաց պարոն Հարությունյանը:
Իսկ ի՞նչ հիմք ունի Փաշինյանին նման հանցավոր արարք վերագրելու համար. մեր մեկ այլ հարցին` Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Մասնավորապես Նիկոլ Փաշինյանը մասսաներին եւ զինում էր, եւ զինվելու եւ զինված բախումներ կոչ էր անում»: Նշենք, որ ամբողջ դատավարության ընթացքում որեւէ ապացույց չներկայացվեց, որտեղ Փաշինյանը զիներ մասսաններին կամ զինված բախումների կոչ աներ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Հարությունյանը ամփոփելով 2009թ. կառավարության գործունեությունը` նշեց, որ մեր կառավարության շնորհիվ 2009թ. մեզ հաջողվեց հնարավորինս խուսափել սոցիալական ցնցումներից եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի բարդ հետեւանքներից:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` նա վստահեցրեց, որ անկախ Թուրքիայի պաշտոնյաների հայտարարություններից` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը բխում է Թուրքիայի շահերից:
«Թուրքիայի իշխանությունները շատ շահագրգռված են այդ փաստաթուղթը ստորագրելու համար: Իր հայտարարություններով Թուրքերը պարզապես միջազգային հանրությունից փորձում են որքան հնարավոր է շատ բան կորզել»,- ասաց պարոն Հարությունյանը: Նա կասկած չունի, որ հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում կվավերացվեն ամենաուշը 2010թ. ապրիլի 23-ին եւ հարկ համարեց ընդգծել. «Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հայկական կողմին անհրաժեշտ է ճիշտ այնքան, որ քան Թուրքիային եւ ոչ ավել; Ստորագրված արձանագրություններում որեւէ նախապայման չկա: Դրանք ոչինչ չեն կարգավորում, այլ ընդամենը հնարավորություն են, պատուհան են հարաբերությունները կարգավորելու համար»:
Ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների չվավերացումն, ըստ Խոսրով Հարությունյանի, նշանակում է մեկ բան. «Ապտակել միջազգային հանրությանը: Դրա համար յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, թե ինչ բեռի տակ է մնում այն չվավերացնելով»: Հարությունյանը գտնում է, որ ՀՀ ԱԺ-ն պետք է վավերացնի արձանագրությունները` անկախ նրանից Թուրքիան կվավերացնի, թե ոչ:
Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ապա նա կարծում է, որ խնդրի կարգավորմանը մոտ ենք այնքան, որքան 1998թ. «Խնդիրը մոտ ապագայում չի կարգավորվի, քանի որ դրանից հեռու են գերտերությունները»:
Հարությունյանը 2009թ. ՀՀ -ի ձեռքբերումներից է համարում Հանրային խորհրդի ձեւավորումը, որի անդամն է նաեւ ինքը: Նա չհերքեց, որ հանրությունը չի վստահում Հանրային խորհրդին, սակայն դրանից չի ընկճվում, քանի որ կարծում է, որ 2010թ. խորհրդին կհաջողվի ձեռք բերել ժողովրդի վստահությունը: