2010թ. ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը' Ղազախստանը նոր ազդակ կարող է տալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Այս կարծիքն այսօր հրավիրած կոնֆերանսին հայտնեց Երեւանում ԵԱՀԿ պատվիրակության ղեկավար Սերգեյ Կապինոսը:
Նա իր խոսքը հիմնավորեց նրանով, որ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը կոնֆլիկտային իրավիճակներում գտնվող շատ պետությունների հետ բավականին լավ, վստահելի հարաբերություններ ունի: «Ղազախստանի ներկայացուցիչները եւս այդ մասին հայտարարում են, եւ իսկապես, Ղազախստանն անվտանգության տեսանկյունից մեծ դեր է կատարելու: Մանավանդ հիմա շատ է խոսվում եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության մասին, եւ Ղազախստանն այստեղ իսկապես կարող է դառնալ կատալիզատոր»,- ավելացրեց Սերգեյ Կապինոսը:
Կոնֆերանսը, որին իրենց զեկույցներով հանդես եկան ինչպես հայ, այնպես էլ ղազախ հասարակական-քաղաքական գործիչներ, նվիրված էր ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության ընձեռած հնարավորություններին ու հեռանկարներին: Ներկաներից յուրաքանչյուրն ընդգծեց Ղազախստանի' իբրեւ նախագահող երկրի առավելություններն ու յուրահատկությունները:
Նախ ընդգծվեց, որ Ղազախստանը նախկին ԽՍՀՄ երկրների մեջ առաջին երկիրն է, որ դառնում է ԵԱՀԿ նախագահող երկիր: Բացի այդ' Ղազախստանը մուսուլմանական երկիր է եւ աշխարհագրական սահմաններ չունի Եվրոպայի հետ: Այս հանգամանքը ներկաները գնահատեցին իբրեւ կարեւոր, աննախադեպ իրադարձություն, որը նաեւ քաղաքական մեծ պատասխանատվություն է ենթադրում: Ղազախստանի մյուս առավելությունն էլ այն է, որ նա հավասարակշիռ հարաբերություններ ունի ԵԱՀԿ բոլոր պետությունների հետ: «Այս բոլոր առանձնահատկությունները թույլ կտան, որ Ղազախստանը շատ կարեւոր դեր կատարի ԵԱՀԿ-ում»,- իրենց ելույթներում միանշանակ նշում էին զեկուցողները:
ՀՀ-ում Ղազախստանի հանրապետության գործերի ժամանակավոր վստահորդ Նուրբոլաթ Ալիմբաեւն էլ խոսեց այն մասին, թե ինչ կարող են առաջարկել ԵԱՀԿ գործընկեր պետություններին: «Մենք նոր իմպուլս կբերենք լուծելու եւ արձագանքելու ժամանակակից վտանգներին: Իսկ համագործակցության առումով կլինի դրական դինամիկա: Ինչպես նաեւ' մենք կարող ենք քաղաքացիական հասարակության կառուցման մեր փորձը փոխանցել»,- հայտարարեց նա: