Հայերը մինչև տարեվերջ կարող են ազատել Քարվաճառի (Քելբաջարի) շրջանը, ինչը հնարավորություն կտա Թուրքիային վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները, իսկ Ադրբեջանին' մեղմելու իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում: Ահա այս տեղեկատվությունը հայտնվեց ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում' երեկ տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ մյունխենյան հանդիպումից հետո:

«Հայաստանում մենք արդեն վարժվել ենք այն բանին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպումից հետո, ՙխիստ իրազեկ՚ աղբյուրները հայտնում են իրականում գոյություն չունեցող ինչ-որ քննարկումների ու պայմանավորվածությունների մասին,- արձագանքելով այս հրապարակումներին' ասաց ՀՀ Նախագահի մամլո խոսնակ Սամվել  Ֆարմանյանը,-Դա պարզ ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ: Նման հարց չի քննարկվում, հետևաբար, նման պայմանավորվածություն լինել չի կարող: Բազմիցս ասվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ու քննարկումների առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Մնացյալ հարցերն ածանցյալ են»:

Ինչ վերաբերվում է մյունխենյան հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին, ապա դրանք, ըստ ՀՀ նախագահի մամլո խոսնակի, մեկ անգամ ևս վկայում են Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի մասին: Իսկ ի՞նչ կանի Հայաստանը, եթե Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված լարվածությունն իսկապես աճի:

«Լարվածության աճը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ, իհարկե, ամենաանցանկալի ելքն է: Այն ամենաանցակալի իրողությունը կլինի և՜ Լեռնային Ղարաբաղի, և՜ Հայաստանի, և՜ ողջ տարածաշրջանի համար:

Բայց Հայաստանի Հանրապետությունը չի կարող անտարբեր լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի հանդեպ, և հենց այդ պատճառով էլ Հայաստանի Հանրապետության Նախագահը, այլ պաշտոնատար անձինք բազմաթիվ անգամ հայտարարել են, որ մենք պատասխանատու ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար:

Աշխարհում կան ընդունված ձևեր. նման զարգացումների դեպքում, ենթադրենք, Հայաստանի Հանրապետությունը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը' սրանից բխող հետևանքներով:

Երկրորդ' Հայաստանի Հանրապետությունը կարող է փոխօգնության պայմանագիր ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Տարբերակներ կան, և ես վստահ եմ, Հայաստանի Հանրապետությունը կօգտվի այդ մի քանի տարբերակներից կամ առանձին-առանձին կամ միաժամանակ:

Եվ պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը մինչ այսօր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը միայն ու միայն մի պատճառով' որպեսզի դա խոչընդոտ չդառնա խաղաղ բանակցությունների համար: Ու եթե խաղաղ բանակցություններն ընդհատվում են, և ռազմական գործողություններ են սկսվում, ապա ոչինչ չի խանգարում Հայաստանի Հանրապետությանը' ճանաչելու ԼՂ անկախությունը: 

Սակայն, այսօր իրողությունն այն է, որ բանակցային գործընթացը շարունակվում է: Հայաստանը մշտապես հայտարարել է, որ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում: Հայաստանը կարծում է, որ բանակցությունների միջոցով հնարավոր է հասնել խնդրի խաղաղ և համապարփակ հանգուցալուծմանը»,-ասել է Սամվել Ֆարմանյանը: