ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանի կողմից խուլիգանություն կատարելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքը: Քննիչը զեկուցել է գործով ձեռք բերված ապացույցները, նախաքննությամբ պարզաբանման ենթակա հարցերի շրջանակը:
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը, ցոցում է տրվել քննիչին արագացնել անհրաժեշտ քննչական գործողությունների ձեռնարկումը:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ հիմնական քննչական գործողությունները կատարվել են եւ Տիգրան Առաքելյանի ազատության մեջ գտնվելը ներկայումս չի խոչընդոտի քննության հետագա ընթացքին, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբուժի ախտորոշմամբ մեղադրյալի մոտ առկա է տեսողական ներվի սկսվող սուբատրոֆիա՝ ցուցում է տրվել փոփոխել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, եւ ընտրել նոր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանի առողջական վիճակը ծանր է: Նրա մոտ ախտորոշվել է ձախ աչքի տեսողական նյարդի սուբատրոֆիա: Տիգրանը անազատության մեջ է հուլիսի 5-ից: Դրանից մի քանի օր առաջ հուլիսի 1-ին Կոնգրեսի հանրահավաքի մասին իրազեկելիս ընդհարում էր տեղի ունեցել քաղաքացիական հագուստով ոստիկանների եւ Կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչների միջեւ:
Քիչ առաջ Տիգրանը ազատ արձակվեց Դատապարտյալների հիվանդանոցից ու անմիջապես գնաց Սարյանի արձանի մոտ` հանդիպելու ՀԱԿ համակիրներին: ''Ազատություն", "Ազատ, անկախ Հայաստան" վանկարկումներով դիմավորեցին Տիգրան Առաքելյանին Կոնգրեսի համակիրներն ու նրա ընկերները, որոնք նրա ազատ արձակվելուց կես ժամ առաջ արդեն հավաքվել էին հիվանդանոցի մոտ: