Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված դժգոհություններից ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը այնպիսի տպավորություն է ստանում, թե 1920թ. Կարսը հանձնել է Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն:
«Ոչ Բաթումի, ոչ Ալեքսանդրապոլի, ոչ Մոսկվայի պայմանագիրը Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն չեն կնքել»,- այսօր զայրացած եւ ինչ-որ տեղ վիրավորված հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Աժ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի ստորագրությունը կա 1994թ. Արցախյան պատերազմի զինադադարի մասին պայմանագրի տակ, որը արձանագրում է հայ ժողովրդի փառահեղ հաղթանակը:
Վերադառնալով այսօրվա իր հանդիպման բուն թեմային' նա ընդգծեց, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀԿ-ի տեսակետն անփոփոխ է եւ այն կստորագրվի այս տեսքով. «Համոզված եղեք, որ եթե այս արձանագրությունները չբխեին ՀՀ շահերից Սերժ Սարգսյանն այն չէր ստորագրի»:
Շարմազանովը նորմալ է վերաբերում Սփյուռքում Սերժ Սարգսյանի ստացած վերաբերմունքը. «Մինչեւ ուղեւորությունն էլ բոլոր գիտեինք, որ թե ՀՀ-ում, թե Սփյուռքում եւ թե ՀՀ-ում միանշանակ չեն ընդունում նախաստորագրած արձանագրությունները: Մենք շատ նորմալ ենք վերաբերում բոլոր քաղաքակիրթ մտահոգություններին, որոնք չափի մեջ են»:
Անդրադառնալով Փարիզում Սերժ Սարգսյանի այցի ընթացքում սփյուռքահայերին ծեծի ենթարկելու փաստին' Շարմազանովն այսօր ցավ հայտնեց տեղի ունեցած կապակցությամբ եւ կրկնեց Սերժ Սարգսյանի բառերը. «Ես ցավում եմ, բայց գտնում եմ, որ ճիշտ կլիներ, եթե նրանք լուռ հայտնեին իրենց բողոքը»:
Ըստ Շարմազանովի' Սերժ Սարգսյանը Սփյուռքի հետ հանդիպում է' ցույց տալու համար, որ ապրում է համայն հայության հոգսերով, սակայն այցի նպատակը չէր, հաշվել, թե քանի կողմ եւ քանի դեմ կան եւ անպայման գալ մեկ ընդհանուր հայտարարի:
Այսօր միանշանակ է, որ ՀՀ-ում եւ Սփյուռքում մեծամասնությունը դեմ է արձանագրություններին, ո՞րն է Սերժ Սարգսյանի այցի նպատակը, երբ հաշվի չի առնելու այդ փաստը. «Ա1+»-ի հարցին' Շարմազանովը պատասխանեց. «Մենք հաշվի ենք նստում Սփյուռքի մեր հայրենակիցների կարծիքի հետ, սակայն պետք է գիտակցենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում քաղաքական որոշում պետք է կայացնի ՀՀ-ն, ՀՀ նախագահն ու ԱԺ-ն, ինչպես նաեւ համապատասխան պետական մարմինները»: Շարմազանովն այսօր «Ա1+»-ին նաեւ հայտնեց, որ Սերժ Սարգսյանը որեւէ խնդիր չունի Սփյուռքի հետ հանդիպումներում եւ ինքը տեղեկություններ չունի, թե Սերժ Սարգսյանն անձամբ դիմել է այդ հանդիպումներում իր անվտանգությունն ապահովելու համար:
Շարմազանովն այսօր մեկ անգամ եւս պնդեց, որ արձանագրություններում ՀՀԿ-ն որեւէ նախապայման չի տեսնում. «Ցեղասպանության հարցը չի կարող լինել քննարկման առարկա եւ ԼՂ հիմնախնդիրը որեւէ կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ»: Էդուարդ Շարմազանովի այսօրվա հանդիպման ընթացքում ամենատպավորիչ նրա հետեւյալ հայտարարությունն էր. «Ամենակարեւորը ցեղասպանության ճանաչման խնդիրն է: Ամենակարեւորն այն է, որ մենք ունենք մի հարեւան, որն առայժմ ժխտում է ցեղասպանության փաստը, բայց ամենակարեւորն այն է, որ ՀՀ իշխանությունները չեն ժխտում»:
Շարմազանովն այսօր նաեւ փորձեց համոզել, որ Գալուստ Սահակյանը «տականք» բառով չի գնահատել այն սփյուռքահայերին, որոնք Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն իրենց դժգոհությունն են արտահայտել: Ըստ Շարմազանովի' Գալուստ Սահակյանը «տականք է» ասել, բոլոր նրանց, ովքեր Սերժ Սարգսյանին դավաճան են համարում: