Մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը կասկածում են, որ մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի սպասվող վերջնական զեկույցն անաչառ կլինի եւ կներառի բոլոր փաստերին վերաբերող ուսումնասիրությունների արդյունքները:

«Մինչ օրս հայտնի չեն ովքեր են զեկույցը գրում, ովքեր են փորձագետները, ինչ փաստերի վրա են հիմնվում նրանք»,- «Հայացք» ակումբում այսօր հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:Փաստահավաք խմբի նախկին անդամները լրագրողներին ներկայացրեցին իրենց թվով չորրորդ զեկույցը, որը մասնավորապես վերաբերում է մարտիմեկյան իրադարձություններին օրենքով չնախատեսված զինված միավորումների ստեղծմանն ու ներգրավմանը:
Խոսքը վերաբերում է 2008 թ դեկտեմբերի 15-ին Հայ ազգային կոնգրեսի կողմից փաստահավաքներին տրամադրված փաստաթղթին:

Համաձայն դրա, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների`/ Վաչե Ղազարյան, Գագիկ Ծառուկյանը, Սուրիկ Խաչատրյանը, Լեւոն Սարգսյանը, Գագիկ Բեգլարյանը, Հովիկ Աբրահամյանը, Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանն ու Սամվել Ալեքսանյանը/ ՀՀ Պն թիկունքի ծառայության պահեստից մարտի մեկին տրամադրվել է 950 հատ երկու տեսակի զինվորական կոստյում եւ 140 գլխարկ: Հագուստը, ըստ Կոնգրեսի տեղեկության, նախատեսված է եղել սադրիչ գործողություններ հրահրելու համար: Մատնանշվել է նաեւ իրային պահեստի վայրը եւ համազգեստը դուրս գրած իրային ծառայության պետի անունը` Հարութ Բարսեղյան:

Փաստահավաք խումբը տեղեկությունը արձանագրելուց հետո որոշել է պարզել իսկությունը եւ ողջ կազմով մեկնել պահեստ: Կոծկումներից խուսափելու համար Անդրանիկ Քոչարյանը մեկնելու նպատակակետի մասին տեղեկացրել է միայն ավտոմեքենայի մեջ: Առաքելությունը, սակայն, տապալվել է, քանի որ զորամաս փաստահավաք խմբի մուտքն արգելվել է:
«Ծառայության պետ գնդապետ Նորիկ Յոլչյանին ցույց տվեցինք փաստահավաք խմբի ստեղծման մասին ՀՀ նախագահի հրամանագիրը, իսկ նա հրաժարվեց ծանոթանալ որոշմանը` ասելով` թե պարզաբանման հետ կապված համապատասխան ճշգրտումներ պետք է կատարվի»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը: Նրա համոզմամբ դա արհեստական եւ ծրագրված խոչընդոտ է եղել եւ նպատակ է ունեցել կոծկել իսկությունը:

Զեկույցը բանախոսները երկուշաբթի օրը թեեւ ուղարկել են ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, բայց վստահ չեն, որ հանձնաժողովը ընդհանրապես ուսումնասիրում է կարեւորագույն փաստերը եւ կներառվեն դրանք վերջնական զեկույց մեջ:

«Մինչ այդ ներկայացրել ենք զեկույցներ մասնավորապես դիպուկահարի , Մելիք Ադամյան փողոցում զինվորական համազգեստով մարդկանց հայտնվելու եւ Տիգրան Աբգարյանի մահվան առնչությամբ, սակայն դրանք լուրջ չի ուսումանասիրվել հանձնաժողովի կողմից»,-նկատեց Սեդա Սաֆարյանը:

Ի դեպ, նրանք տեղեկացրեցին, որ եթե հանձնաժողովի վերջնական զեկույցում չլինեն իրենց ներկայացրած փաստերը, կփորձեն կազմել իրենց վերջնական զեկույցը` աշխատանքերում ներգարվվելով խմբի հակադիր տեսակետներ ուենցող անդամներին: