Նրանք, ովքեր Մադրիդյան սկզբունքները համարում են անընդունելի եւ պահանջում են ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը համարում է անհետեւողական եւ ոչ անկեղծ: «Նալբանդյանը Սերժ Սարգսյանի վինտիկն է »,- ասաց Արզումանյանը:

«Ա1+»-ի խնդրանքով նա բացատրեց. «Նալբանդյանի հրաժարականը որեւէ բան չի կարող տալ: Կա մեխանիզմ, որը բաղկացած է պուճուրիկ վինտիկներից: Անկախ նրանից այդ վինտիկը դու կփոխես մեկ այլ վինտիկով, թե ոչ` համակարգը աշխատելու է նույն մեխանիզմով»: Արզումանյանի կարծիքով ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում բեկում հնարավոր է մտցնել միայն բուն գործընթացը տանողի հրաժարականով:

Անդրադառնալով ԼՂ պատերազմի վերսկսման մասին լուրերին, այդ թվում Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի այն հայտարարությանը, թե նա հուսով է , որ պատերազմը չի վերսկսվի` Արզումանյանն ասաց. « Եթե միջազգային հանրությունը համաձայնության չի գալիս կոնսենսուսով լուծման հարցում եւ այն չի կարողանում պարտադրել, ապա պարտադրանքի ձեւերից մեկը` պատերազմի վերսկսումն է: Հենց պատերազմի մասին հայտարարությունն է ահազանգում պատերազմի վտանգի մասին: Ինչո՞ւ 3 տարի առաջ Ֆասիեն չէր ասում, որ հույս ունի, որ պատերազմը չի սկսվի, որովհետեւ նման վտանգ չէր ստանում»:

Արզումանյանը ժամավաճառություն է համարում այսօրվա Մադրիդյան սկզբունքները համեմատել մեկ այլ ժամանակահատվածում ներկայացված առաջարկությունների հետ, որոնք այլեւս գոյություն չունեն: Բոլոր դեպքերում «Ա1+ի» խնդրանքով Արզումանյանն անդրադարձավ Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե ինքը 10 տարի պայքարել է «Լիսաբոնյան սկզբունքներից» ազատվելու համար:

Այսօր ԼՂ հարցում Տեր-Պետրոսյանին եւ նրա թիմին քննադատելու համար իշխանությունները պարբերաբար օգտագործում են «Լիսաբոնյան սկզբունքներ» արտահայտությունը: «Ես չեմ հասկանում Օսկանյանի տեսակետը, նա անընդհատ դրանք փոխում է: «Դուն ալ էս ճիշտ, դուն ալ էլ, դուն ալ էլ», սա է նրա մոտեցումը:Լիսաբոնի հայկական դիվանագիտության սկզբունքայնության արտահայտությունն էր, որտեղ միջազգային հանրությունը չկարողացավ ՀՀ-ին պարտադրել ՀՀ-ի ազգային շահին հակասող սկզբունքներ: Լեւոն Տեր-Պետրոսյանը վետո կիրառեց եւ այդ պարտադրվող սկզբունքները ի չիք եղան: Եթե Օսկանյանը 10 տարի պայքարել է մի բանից ազատվելու համար, որը գոյություն չունի, ինձ մոտ հողմաղացների դեմ պայքար է հիշեցնում»,-ասաց նա:

Իսկ ներկայիս Մադրիդյան սկզբունքները Արզումանյանը համարում է անընդունելի եւ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի համար, եւ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի այդ սկզբունքների հիման վրա որեւէ փաստաթուղթ չընդունվի:

Նա կարծում է, որ քննարկվող փաստաթղթում նշույլ անգամ չկա ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, որով այդքան ոգեւորված են իշխանությունները. «Սկզբունքների մեջ նշվում է, որ պայմանագիր ստորագրվելուց հետո ԼՂ-ին տրվելու է միջանկյալ կարգավիճակ, որը կապահովի ԼՂ ժողովրդի անվտանգությունը, եւ նա կստանա ինքնակառավարում: Տեղական ինքնակառավարումը ՀՀ-ն ընդունել է 1995թ. Սահմանադրությամբ, որ բոլոր համայնքները ինքնակառավարվում են: Եթե խոսքը գնում է , որ ԼՂ-ի միջանկյալ ստատուսը լինելու է ինքնակառավարում` Ադրբեջանի Հանրապետությունում` դա բացարձակապես անընդունելի»:

Առանց բանակցություններին ԼՂ -ի մասնակցության`Արզումանյանը բացառում է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը:

Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի հետ Կոնգրեսում առկա տարաձայնությունների մասին լուրերին, ապա Արզումանյանը նշեց, որ Կոնգրեսի ամենամեծ հարստություններից մեկը բազմակարծությունն է: Նա հիշեցրեց, որ Կոնգրեսում 18 քաղաքական ուժ կա, եւ զարմանալի կլիներ, որ նրանք միակարծիք լինեին ԼՂ հարցում: Անձամբ իր համար ընդունելի է «ոչ մի թիզ հողից մինչեւ փոխզիջումներ» տեսակետը. «Դա կախված է բանակցային գործընթացից: Ես միայն ողջունում եմ, որ ՀԱԿ-ում կա բանավեճ, որի արդյունքում հնչող տարբեր տեսակետները կարող են ՀՀ-ն դուրս բերել այս իրավիճակից»: